գերագույն լույսի տակ հաստ ու բարակը ստանում են մի գին և հայրենասերն ու դավաճանը դիմաբերվում են իբր երկու եսեր, որ նույնարժեք են։ Կյանքը եսերի պայքար է, որ խորտակում է ամեն բարեկեցություն (Եսի մարդը)։ Հանրաշահ եսը արգելք է անձնական երջանկության (Ճամբու վրա), իսկ այնքան փառաբանված անձնվիրությունը խորտակում է մարդոց սրտերն ու կյանքը (Ուրիշի համար)։ Ընկերասիրությունն ու փափկասիրությունը գործի հանդեպ միմիայն խանգարում են կյանքի վայելքը (Վերժին). եսերի պայքարն անողոք է և քայքայիչ, երբ մանավանդ եսն երևում է իբր կոչում (Դերասանուհին)։
Սիրո մղումի ազդեցության տակ արթնանում է մարդու անձնականությունը. արթնացած անհատը պայքարում է գերակայության համար, գոյության կռիվը տիրական օրենքն է բնության, ուր զորավորն է հաղթում։ Ճեմարանի ներշնչած բարոյականն արգելում է, որ մերկ եսերի ջատագով կանգնի Լ. Շանթ, բայց և բնագիտության պատճառախնդիր իմացությունն արգիլում է, որ զորավորն ու հաղթականը մերժվի և անարգվի։ Իր գեղասեր սիրտն իր մտքին հետևելով պայքարն ու հաղթողն համարում է գեղեցիկ։
Իր միտքն աշխատում է շարունակ, կյանքը ուժերի խաղ է անիմաստ, հետևապես ունայնություն է ամեն ինչ։ Հաճելին է գեղեցիկը, բայց հաճույքը վաղանցիկ է։ Հաճույքի վերելքին հաջորդում է հագեցման վայրէջքը։ Ամեն ինչ պատրանք է և հիասթափում. կյանքն այդ վիճակների հաջորդական շարանն է։ Մենք Հին Աստվածների շրջանին մեջ ենք հիմա, ուր խորտակվում են պատրանքները և ուր երևում է ունայնության փոսը։
Կյանքը ուժերի մի անիմաստ խաղ է. ունայնության փոսի մի լիցք։ Լ. Շանթ հասուն է արդեն և հիմա մեզ տալիս է ունայնության փոսի տարատեսակ լիցքերի պատկերներ. «Կայսրը», «Շղթայվածը», «Ինկած Բերդի իշխանուհին», «Օշին Պայլ»։ Մեր առջև անցնում են պատրանակերտ անձեր, որ դառնում են պատրանաթափ. ոմանք ունայնության փոսը լցնում են մեծ վստահությամբ իրենց ապրածի հանդեպ - ինչպես գող Վասիլ և Ինկած Բերդի իշխանուհին, ոմանք իբր խաղ - ինչպես Հովհան Գուրգենը՝ «Կայսեր» մեջ։ Ամենքը հետամուտ են վայելքի և իշխանության, ինչպես հանրային դասերը «Շղթայված»–ի մեջ, կամ Կայսրուհին և Լեկապեն «Կայսեր» մեջ. մերկ կամ զարդարուն եսականությանց մի անվերջ շարան, որ հորինում է իրադարձությանց մեկ անիմաստ խաղ։ Խորապես անհուսական է այս ըմբռնումը կյանքի։
Ամեն ինչ անիմաստ է, բայց ոչ նույնարժեք գեղագետի համար. Շանթին