Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/74

Այս էջը հաստատված է

ոգիների մտերմությունը, որից ծնվում է արվեստի գործը։ Սեռական հզոր և ստեղծագործ բնազդի վեհացումն է սա, և ունայնության փոսի գեղեցկագույն լիցքը։ Լ. Շանթ հասած է այս կետին (Կին

Մի երկու խոսք Լ. Շանթի արվեստի մասին։ Ավելի քան հիսուն տարի առաջ նա գրած է.

Երբ գեղեցիկ թարմ աղջիկը ժպտեցավ,
Սիրտս դողաց հուզումով մը ներդաշնակ.
Սիրեցի ալ, միայն ոչ այն, որ անցավ,
Այլ անոր նուրբ հափշտակիչ դեմքին տակ
Նոր էակ մը, որ մտքես հոն անցուցի.
Ես պատրանքը սիրեցի։

Ու նաև գրած է.

Ինծի համար այն ժամերը թանկ եղան,
Երբ ներշնչված ստեղծեցի միշտ անգո,
Բայց անձնուրաց ազնիվ դեմքը սիրական.

Այսպիսով, ոչ թե իրական աղջիկն է, որ սիրած է, այլ իր մտքի ստեղծած աղջիկը, որ անցուցած է իրական աղջկա դեմքի տակ. և իր ստեղծած անձերն իր իսկ ասելով եղած են «միշտ անգո»։ Նրանք նույնպես իր մտքի ստեղծածն են, որ անցած են իրական անձերի դեմքի տակ։ Կարող ենք ասել, թե Լ. Շանթ իր դրդումները իրական կյանքից առած է, բայց իրական կյանքը չէ, որ տված է, ոչ-իրական էակներ ստեղծած է իր միտքը և այդ էակներն են, որ խոսում և գործում են նրա երկերի մեջ։ Լինելով խստորեն շեշտված անձնականություն՝ նա ոչ թե հարմարած է կյանքին՝ լավապես պատկերելու համար ինչ որ իրական է, այլ կյանքի տվիքներն հարմարած է իր անձնականությունը շեշտելու համար։ Նրա երկերը կարդալով ոչ ոք կարող է գաղափար կազմել այն կյանքի մասին, որ թավալած է Լ. Շանթի շուրջը, բայց այն մասին միայն, թե ինչ մտածումներ ունեցած է Լ. Շանթ, իր կառուցումների այս ու այն տարրն է կյանքից առնված, բայց այդ կառուցումները կյանքի պատկերը չեն։ Նրանք նկարազարդում են Լ. Շանթի գաղափարները։ Բայց այս հանգամանքը ոչ թե արժեքազրկում է նրա գործը, այլ տարբեր արժեք է տալիս նրան, որովհետև Լ. Շանթ մեծ մտավորական է, խորամիտ և խորաթափանց։ Իր նյութն է ոչ թե հայ կյանքն ու հայ մարդն, այլ մարդը հայի մեջ, հայի մարդկայինը, կամ կարճ ևս՝ մարդկայինը, որ մեծ արվեստի նյութն է բոլոր դարերի։ Իր հետաքրքրությամբ և խոկումներով նա վեր է ընթացիկ կյանքից և նրան հասնելու համար պետք է վերանալ։ Հակառակ իր երկարամյա գրական գործունեության նա մնում է մեծ անծանոթը մեր