մեջ։ Իր գրիչ ձեռք առնելու տարիները կազմակերպվեցավ հայ հեղափոխությունը և երիտասարդության գաղափարական տարրը անձնատուր եղավ այդ շարժման և ժամանակ չունեցավ Լ. Շանթին կարդալու։ Այն տարրը, որ գաղափարական չէր և անձնական բարիքին էր հետամուտ՝ բնավ ձեռք չառավ նրա գործերը, ոչ իսկ իմացավ նրա գործերի մասին։ Լ. Շանթ մտավորականների հեղինակն է. իր գործող անձերը մտավորական դասիցն են, իր հարուցած խնդիրները վերացական են, մարդկային և մնայուն. այս հանգամանքը, եթե մի կողմից կայուն ու մնայուն դիրք է տալիս նրա գործին, մյուս կողմից սահմանափակում է ընթերցողների թիվը։
Բայց պետք է նրա միջից անցնել ավելի վեր գնալու համար։ Երկերի հրատարակությունը լավագույն առիթն է ճանաչելու հեղինակին, որ մնացած է մեկուսի։ Հոտ է այն ազգը, որ չունի իմացական բազմություն։ Պետք է ստեղծվի այդ բազմությունը մեր մեջ, և Լ. Շանթի երկերը լավագույն միջոցներից մեկն են այդ խավն առաջ բերելու։ Լ. Շանթի գործը հմայաթափ է անում խորամուխ ընթերցողին, որովհետև ներշնչումը չէ, որ իշխում է իմացության վրա, այլ պատճառախնդիր իմացությունն է, որ գունաթափում է ներշնչման ծաղիկները, ուստի իր անձերը ուրվագծեր են։ Հմայաթափ է անում նաև գիտությունը։ Բայց ոչ մեկ ուժ կարող է հաղթել կյանքի մղումին, որ գալիս է տիեզերքի խորքից և անցնում է մեր միջով։ Պետք է անցնել գիտության և Լ. Շանթի երկերի բովից՝ ավելի ներուժ ապրելու այս կյանքը։
Քանի մը շաբաթ առաջ նույն այս սրահին մեջ հոծ բազմությամբ տոնախմբեցին Ա. Իսահակյանին յոթանասունամյակը։ Նույնքան հոծ բազմությամբ այսօր հավաքված ենք նույն նպատակով։ Վստահ եմ, որ եթե վաղը ուրիշ մշակութային հաստատություն մը նույն նպատակով դիմեր հանրության, պիտի համախմբեր նույնքան մեծ բազմություն։ Ե՛վ բնական է, և՛ հասկանալի։ Ա. Իսահակյան ծանոթ է ամենքին, ամենքը կարդացած են անոր երգերը, սիրած են և երգած։ Եվ այսպես եղած է առաջին օրեն, երբ 1898 թ. լույս տեսավ իր փոքրիկ գրքույկը՝ «Երգեր և Վերքեր»։ Ուրախ եմ, որ այդ գրքին առաջին գնահատողն եղած եմ այն տարին և անոր հեղինակին մեջ մատնանշած եմ նշանավոր բանաստեղծ