մը։ Մարգարեությունս շիտակ դուրս եկավ և հիմա կրկնակի ուրախ եմ, որ պատեհություն ունեմ հիսուն տարի հետո անոր յոթանասունամյակի տոնախմբության մասնակցելու։
Ավետիք Իսահակյան գրած է երգեր, քերթված մը «Աբու Լալա Մահարի», արևելյան զրույցներ և կենցաղական մեծ վեպ մը՝ «Ուստա Կարոն», բայց ան գերազանցապես քնարական բանաստեղծ է և ես բանաստեղծի մասին է, որ պիտի խոսիմ և հատկապես պարզեմ, թե ո՞ւր է անոր մեծ ժողովրդականության պատճառը և որն է իր հանրային դերը մեր կյանքին մեջ։
Ինքն իր մասին կըսե.
Ես երգիչ եմ,– երկնի թիթեռ,
Ես գանձ չունիմ– լեռ ու բեռ.
Ես սիրում եմ ծաղիկ, աղջիկ,
Ծաղկի բուրմունք, կույսի սեր.
Ես սիրում եմ մրմունջ, տրտունջ,
Տանջված սրտի երգ ու վերք։
Ըստ երևույթին շատ քիչ բան, բայց նկատեք՝ շատ էական բաներ։ Բնության տված գողտրիկն ու հմայունը - ծաղիկ և աղջիկ, և ասոնց կյանքի նրբահուն ծորանքը - բույր ու սեր։ Արևելյան կյանքին լավագույն կերպը - թիթեռի պես ազատ, անհոգ ու աշխուժ՝ ինչպես մանուկ ու պատանի։ Դժգոհանքի մեղմագույն տեսակը - մրմունջ ու տրտունջ։ Սիրո տառապանքն ինքնին - վերքը և անոր մեղմ կտտանքը՝ երգը։
Այդ վերքը նա ստացած է իր պատանի տարիքին հազիվ երիտասարդ։ Իր սիրածին առած և տված են ուրիշի։ Այս դարձած է անբուժելի հարված իր սրտին, մնայուն վերք և հիմնական լարը միանգամայն իր քնարերգության, որ ուրիշ բան չէ, քան այդ վերքին մորմոքը և անդրադարձումները անոր ոգեկան և իմացական կյանքի մեջ։
Բացառի՞կ էր արդյոք այն աղջիկը։ Բանաստեղծն արդեն հիսուն տարեկան և օտարության մեջ՝ կհիշի և կնկարագրի այդ աղջկան։ Երբ, կըսէ, հոգնաբեկ անգամ մը ևս գամ շեմիդ, ես կուզեի
Տեսնել այնպես նորից քեզ
Ինչպես տեսա, սիրեցի,
Սիրեցի քեզ սրտակեզ
Շնորհներով կուսական,
Աչքերիդ մեջ նվիրում,
Խոստումներով դյութական.