Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/78

Այս էջը հաստատված է

է «Աբու Լալա Մահարի» քերթվածին, իսկ աս՝ ի սրտաբեկ և սևատես տրամադրության հոյակապ անդրադարձումը, իր սրտին սև սպիին շողշողուն փայլատակումը։

Բայց բնությունը կապրի հարատև և ամեն նոր գարուն կնորոգի անոր վիրավոր սրտին կսկիծն ու մորմոքը։ Ան կփորձի տառապանքեն ազատիլ զգայական հաճույքին մեջ սպառելով իր կյանքը։ Սակայն ինքն իսկ կխոստովանի թե

Ուրիշին գրկած՝ ես քեզ եմ զգում
Ուրիշի գրկում՝ ես քոնն եմ հավետ...

Ու նաև դառնորեն կհամոզի, թե զգացական հաճույքի մեջ

Սերն է անկումը մեր աստվածության,
Շրջմոլիկ հյուրը կրքերի ճահճի...

Այս հաճոյալից և մոլեգին կյանքեն իբր դիրք իր հոգիին մեջ կմնա հավատքի կորուստը դեպի մարդը, կինն և ընկերը։

Տարիները կանցնին. ճերմակը սևին կխառնվի մազերուն մեջ։ Ըմբոստ հոգին կհամակերպի ակամա և տրտմությունը կդառնա տիրական տրամադրության։ Սիրո նոր փորձերեն կխուսափի ան. և ժամանակ է արդեն. հիսուն տարեկան է։ Համը բերնին մեջ է, բայց և ահը սրտին մեջ.

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամրջին
Հորդ մազերը գետ գիշերվա
Եվ հակինթներ ականջին.
Աչքերը սև - արևներ սև
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ։
Աչքս դիպավ աչքի բոցին
Ու գլուխս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի
Հավերժական կանացի։
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.
Մի մրահոն կույս էր քեզ պես
Կոտրեց սիրտս պատանի...