Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/8

Այս էջը հաստատված է

իրենց ներաշխարհը։ Այս հաշվով Հսւյոց գրականության պատմությունը այդ գրականության կենսագրությունն է։ Տարբերե՛նք. ո՛չ ազգի, այլ գրականության կենսագրությունը, որովհետև ագգերը շատ ավելի հին են, քան իրենց գրականությունը։


* * *

Հեղինակների կյանքը, գործերն ու ապրած միջավայրերը մենք թողինք գրական պատմության. այդ՝ ի՞նչն է ուրեմն, որ պետք է կազմե գրականության պատմության բովանդակությունը։ Քանի որ գրականության պատմությունը նրա կենսագրությունն է, ինքնին պարգ է, որ այդ պատմությունը պետք է ընդգրկե գրականության բովանդակ կյանքը իր երևումից մինչև իր ընթացիկ ներկան, որ նույն է թե պետք է հեղինակները, նրանց գործերն ու ապրած միջավայրերը ներկայացնե ժամանակի կարգով։ Այլևս ո՛չ թե մի մի հեղինակ և իրենց գործերը, այլ բոլոր հեղինակներն ու իրենց գործերը, որ իրենց ներքին հատկությամբ գրականության կալվածի մեջ են ընկնում։ Այսպիսով մենք գտնում ենք առաջին տարբերությունը երկու գիտությունների. մինչդեռ գրական պատմությունը հետազոտում ու ներկայացնում է զատ զատ հեղինակներ և անջատ կարգով, գրականության պատմությունը խոսում է բոլոր հեղինակների մասին և ժամանակի կարգով։ Այս հաշվով գրական պատմությունը մի պատրաստություն է գրականության պատմության, ուստի մասնակի թերին անդրադառնում է հանրականի վրա, ուր նախապես չի հետազոտված մի հեղինակ, մի միջավայր, մի երկ՝ այդ թերին պիտի երևա գրականության պատմության մեջ։

Բայց հեղինակներն ու գործերը շարել ժամանակի կարգով դեռ չի նշանակում գրականության պատմության հորինել. դա ավելի կլիներ քան մի պարզ գրացանկ և անվանացանկ, բայց պակաս կլիներ քան մի պատմություն։ Գրականության հետազոտության արդյունքների համագումար ցուցադրությունը գրականության պատմություն չէ. դա մատենագրական պատմություն է գրապատմական հետազոտությանց, որ զատ առումով շատ կարևոր է ու օգտակար։ Դա կարող է մի տարրը կազմել գրականության պատմության, սրա մի հատվածը կամ գլուխը։ Գրականության պատմությունը մի նոր և ուրույն կառուցում է գրապատմական հետազոտությանց հիման վրա։ Ի՜նչ է նպատակը այս նոր կառուցման։ Հեղինակներն իրենց երկերով ցուցադրած են կարողություններ և իրենց երկերն արտացի արդյունքն ու վկաներն են այդ կարողությանց։ Հեղինակները միաժամանակ իմացական կյանքով ապրող անդամներն