Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/80

Այս էջը հաստատված է

իր վիշտը մոռանալու համար։ Ո՞ր սիրաբեկ սիրտն է, որ չէ տրտմած գարնան և չէ ավաղած իր թոշնումը, երբ տեսած է թարմ ծաղիկ ու աղջիկ և ո՞վ է, որ չէ վշտացած աշնան, հիշելով իր լավ օրերը, և զգալով մոտալուտ վախճանը։ Այս ամենը տիպար ապրումներն են և սովորական ընթածիրն է բազմաթիվ հոգիներու։

Ո՞րն է բանաստեղծի կոչումը։ Իր անվան մեջ է իր կոչումը - բանաստեղծ, այսինքն՝ «բան ստեղծող», որ կնշանակե խոսք և միտք ստեղծող։ Որո՞ւ կամ ինչի՞ համար - իր ներքին աշխարհն արտահայտելու համար։ Ու երբ բանաստեղծի ներքին աշխարհը տիպար ապրումներ ունի, այսինքն կ'ապրի նույն սերն ու վիշտը, կսկիծն ու մորմոքը, սրտաբեկումն ու սիրասթափումը, որ կապրինք նաև մենք, այն ժամանակ իր ստեղծած «բանը» կխոսի նաև մեր սրտին և մեր սրտեն։ Մենք կհամազգանք բանաստեղծին։ Մեր ապրումները նման են, բայց նման չեն մեր կարողությունները։ Ան բանաստեղծ է և տաղանդ ունի, իսկ մենք սովորական մարդիկ ենք։ Ան ավելի պայծառ կզգա, քան մենք և ավելի գեղեցիկ կխոսի իր ապրումի մասին։ Անոր պայծառ և գեղեցիկ խոսքը, որ մի երգ է, կդառնա երգը և մե՛ր ապրումի։ Եվ մենք կսիրենք ու կերգենք անոր խոսքը, որովհետև ատով մեր ապրումն է, որ կերգենք։ Անոր փորած հունով կհոսի մեր զգացումը։ Մեր վիշտն ու սրտաբեկումը կդառնան հնչուն և գեղեցիկ և ա՛յն, ինչ որ տառապանք էր, կդառնա վերելք։ Իսկ երբ իր պատկերները հայրենի աշխարհեն առնված են և մեզ սովոր աշխարհեն, երբ անոնք ցայտուն են և անմիջապես կնկարվին մեր աչքին, երբ իր լեզուն պարզ է և մտերիմ, ասույթները հարազատ և մայրենի՝ այն ատեն բանաստեղծի «բանը» մեզ հիացում կազդե և մեր սիրտը կլցվի սիրով դեպի այն մարդը, որ այդքան մեծ շնորհք ունի մեր սրտին խոսելու՝ այնքան պարզ գեղեցիկ և մտերիմ և մեր ապրումը կդարձնե արվեստի գործ։ Հիսուն տարի է հայ մարդը՝ լինի երազող պատանի, սիրատարփ երիտասարդ, թե հիասթափ տարեց՝ իր սրտի ապրումներում իբր հուն կօգտագործե Ավ. Իսահակյանի ստեղծած «բանը»։ Սիրով սրտաբեկը, կյանքեն դառնացածը, տրտում մահազգացը հիսուն տարի է գիտեն, որ մինակ չեն տառապանքի մեջ, որ ազգին նշանավոր բանաստեղծը ունին իբր ցավընկեր և թարգման։ Հասկանալի է հիմա, թե ինչու՞ ան սիրված է և իր երգերը ամենի բերանն են և ինչու՞ հոծ բազմությամբ կերթան ամեն հրավերի, ուր կլսեն, թե խոսք պիտի ըլլա իրենց սիրած բանաստեղծի մասին։ Այսպես են ամենքը, որ ժողովրդի սրտեն ջուր կխմեն։

Ավ. Իսահակյան անարվեստ հեղինակ է, եթե արվեստ ասելով հասկանալ