Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/83

Այս էջը հաստատված է

Եվ հետևում էր ամբոխն ինձ ունայն,
Ամբոխը հոգու և նանիր խոսքի։

Ինձ բարձրացրին դեպի կախաղան.-
Եվ ճակտիս ցնորք և վսեմ պսակ.
Ամբոխը սակայն թշվառ և ունայն
Խուռն սողում էր իմ ոտքերի տակ...

Այս կարգի հղացումները ցույց կուտան, թե բանաստեղծը վեր է մեզմե, և կգծեն ճանապարհ մը հոգով «վաստակածներու և բեռնավորներու» առջև՝ թոթափելու առօրյան և բարձրանալու դեպի տիեզերական համազգացում և անձնվիրություն։ Ահա սպեղանին բոլոր հոգեկան խոցերու։

Գրականության պատմության մեջ որոշ և հաստատուն է Ա. Իսահակյանի տեղը։ Ան կուգա Հ. Թումանյանեն հետո և ձեռք կմեկնե Վ. Տերյանին։ Իր անունն ու գործը անկորնչելի ստացվածքն են Հայոց Գրականության։ Քանի կա Երազ, սեր ու սիրասթափություն, քանի կա անցավորին ապրումն ու համազգացումը բնության՝ կան ու կմնան մեր բանաստեղծին ընտիր երգերն ու մրմունջները։ Հայոց լեզուն կրնա փոխվիլ, բայց անոր լավագույն երգերը կմնան ու կխոսին հայ սրտերուն, ինչպես Քուչակի և Սայաթ-Նովայի երգերը։ Հիսուն տարի անցած է, բայց անոր երգերը թարմ են ու բուրյան։ Այդպես շատ հիսուն տարիներ պիտի անցնին առանց որ փոշի նստի այդ ծաղիկներու վրա։

Ահա մի վերջին տաղ, որ գրված է հիսուն տարի առաջ և զոր չպիտի կարենա մաշել ժամանակը.

Շղարշ ամպերդ երկինքն առան
Լուսնակն անդորր կշողա.
Լռիկ ճահճում հարհանդ-մարմանդ
Նուրբ եղեգնը կդողա։

Արագիլը մինակ ու լուռ
Եղեգնի մոտ կքայլե,
Կմտորե խոր ու տխուր
Ճահիճն աղոտ կփայլի։
Մռայլ ափին մենակ նստած՝
Սիրտս անուշ կթախծի
Եվ անուրջում միտքս թաղված՝
Քունն աչքերիս կհանգչի...