Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/84

Այս էջը հաստատված է

Այսպես է Ավ. Իսահակյանն իբրև քնարերգու։

Հիմա նա հայրենիքի մեջ է, որ կվերաշինվի, կամ լավ ևս՝ կնորաշինվի։ Իր շուրջը կաճի հավատավոր և թարմ սերունդ մը, որ կսիրե և կգնահատե անոր գործը։ Իր շուրջն է նաև Հայոց ժողովուրդը, որ սնած է անոր երգերով և հիմա կրնա կարդալ նաև անոր գիրքը։ Անոր հովանի և քաջալեր կեցած է Հայոց Պետությունը, այն «փարթամացուցիչ պսակը գեղեցիկ և կենցաղօգուտ», որի վերացումն իր գլխեն կողբար Խորենացին։ Անկասկած կամոքեն անոր վիշտը մեկ կողմեն տարիքը, մյուս կողմեն հայրենիքի ներկան, բայց մանավանդ անոր փայլուն ապագան։

Թույլ տվեք հիմա անձնական տենչանք մը արտահայտեմ, որ հուսամ թե նաև ձերն ըլլա։ Կուզեի, որ հիմա գարուն լիներ, ապրիլ, և մենք նստած ըլլայինք Ավ. Իսահակյանի հայրենի գյուղի մեջ, Ախուրյանի ափին։ Բայց ո՛չ։ Նախ Արաքսի ափը տղմուտ է և հետո դիմացը դարձյալ նույն տաճիկն է՝ կլափն արյունոտ։ Լինեինք Երևան, Հրազդանի ափին (այս գետը մերն է ծայրե ծայր)։ Գետեն ձուկ լինեին հանած, խաշած ու դրած սեղանին, լիներ Երևանի թունդ գինին։ Զուռնաչին Ավ. Իսահակյանի երգերից մեկը նվագեր նեյի վրա և թմբկահարը մատերի հարվածով ընկերանար նվագին։ Լցնեինք բաժակներն ու կանչեինք. – Ավո՛ ջան, քու կենացը, շատ ապրես հայոց ազգի համար, երգդ անսպառ, հասար մուրազիդ։ Բայց... հասա՞վ արդյոք։ Հիսուն տարի առաջ, երբ մենք երիտասարդ էինք, Հայաստան ըսելով մեր մտքեն բնավ չէր անցներ Երևան ու Սևան։ Մեր միտքը կթռչեր Կարին, Մուշ ու Վան։

Եվ հիմա կպահեմ նույն տեսարանը, նորեն թող սեղանին ձուկ ըլլա, բայց տառեխ և նորեն գինի, բայց Շահբազի. և մենք նստած Վանի Այգեստանին մեջ, բարդիներուն տակ, առվի ափին... կամ, լավ ևս, լինեինք Մշո Ս. Կարապետ, լուսաղբյուրին քով, Սասնոյ լեռներուն դիմաց, ուր այնքան ֆիդայիներ ընկած են փառքով և որոնց հիշատակին այնքան սրտաբուխ երգեր նվիրած է մեր բանաստեղծը, այնտեղ, ուր դարերով երգած են հայ գուսանները և միջնադարի և վերջադարի հայ աշուղները, այնտեղ Ս. Կարապետի հովանիին տակ, որ բանաստեղծներուն շնորհք է տված դարերով և ճարտարություն բաշխած արվեստագետին մենք ամենքս մեր ազգային երազին լիովին տիրացած՝ տօնախմբեինք Ա. Իսահակյանի գրական գործունեության հիսունամյակը մեր ամբողջացած հայրենիքին մեջ... Իցիվ թէ այս երազը նույնպէս կատարվի, քանի դեռ ողջ ենք բանաստեղծն ու մենք։

Ամբողջական երկեր, հ. I, էջ 120-130