Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/87

Այս էջը հաստատված է

պակասությունն այն է, որ ամեն տեղ զգացվում է նրա լարված ճիգը։ Նա նյութից վեր չի բարձրանում՝ սավառնելու նրա վրա. աչքիդ առաջ տեսնում ես, թե ինչպես մագլցում է նյութն ի վեր և քայլ առ քայլ, դժվարությունները հաղթելով առաջ գնում, առանց երբեք գագաթը հասնելու։ Մեծ վարդապետների տիրական ուժը պակասում է նրան։

Այս է պատճառը, որ նա չունի ոչ մի ամբողջական երկ՝ բոլոր մասերը հավասարապես մշակված և համադրվելով մի ամբողջություն կազմող։ Ամբողջի զգացումը օտար է նրան։ Նա ավելի քանդակագործ է, քան ճարտարապետ։

Իր ուժն ասելու ձևի մեջն է և ոչ ասածի նորության։ Իր մտածելու եղանակը սովորական է, աշխարհայացքը նեղ։ Ինքը եզրափակ է և միախոհ, անկարող ուրիշի հոգին թափանցելու, հոգեբանական վերլուծումներ անելու, ուստի և ոչ մեկ դեմք ունի կերտած։ Ոչ թե հոգեկան վիճակներն են նրան գրավում, այլ կենսական կացությունները. նա տեսնում է միայն արտաքինը, նրա աչքը դրսի կողմն է նկատում և թափանցելու ուժ չունի։

Այս հատորի մեջ ամփոփված են իր «Հայորդիների» ԺԱ-ԺԷ գլուխները՝ հինգ հատված. «Որբերու ճակատագրեն», «Սովամահ», «Բանտերու խորերեն», «Կախաղաններու կատարեն» և «Դավաճաններ»։ Առաջին հատվածի նյութը հայ որբերի ճակատագիրն է. թե որքան ծանր պայմաններուն աշխարհ եկան, ինչպես օտարի ձեռքը մնացին, որոնք նրանց իրենց շահի համար օգնել ցանկացան։ Հետո, հիշեցնելով, որ մենք ջարդվեցինք, որովհետև ապրել ցանկացանք մեր անցյալով հուսալից, հորդոր է կարդում օտարից հեռու մնալ, որովհետև մենք պատրաստ ենք իրենց օգնելու։ Մի շատ սովորական մտաշար, որ, կարելի է ասել, հասարակ տեղիք է։ Բայց մտքի ինքնուրույնությունը չէ, որ փայլում է Յարճանյանի երկերուն, այլ արտահայտելու ձևը, նորակերտ պատկերները։ Տեսե՛ք, թե ինչպե՞ս նկարում է որբերի վիճակը և կարդում իր հորդորը։

Զարհուրելի անցյալ, մոխիրներուն վրա ծնաք և ավերակներեն քալեցիք։
...Գիտեմ որ, երբ ձեր խանձարուրներուն մեջեն շարժեցիք ձեր ձեռները շուշանափայլ,
Անոնք մահվան վարդերուն պես կարմրեցան ձեր մայրերուն արյունեն իսկ,
Եվ համբույրի, օրորներու, գգվանքի և սիրո քաղցրությանցը տեղ,
Ո՜վ գիտե, թերևս կաթիլ մը արյուն էր, որ ինկավ ձեր աչքերուն