Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/9

Այս էջը հաստատված է

են որևէ ազգի և նրանց կարողությամբ է չափվում այդ ազգի կարողությանց սահմանը իմացական մարզի մեջ։ Մինչև ուր հասած են հեղինակները՝ մինչև այնտեղ հասած է ազգը։ Ինչ որ մտածած, զգացած ու կամեցած են նրանք՝ այդ է կազմում ազգի հոգեկան կյանքը։ Բազմազան ապրումներ կարող են ունեցած լինել ազգի անդամները, բայց պատմության համար այն գոյություն ունի, որ հետք է թողած։ Այդ հետքն է միայն ազգի կարողությանց և մտայնությանց նկատելի և շոշափելի սահմանը, մնացածը ենթադրություն է, չիք իրականությանց մտային վերակառուցում։

Գրականության պատմագրի դիտակետն ավելի վեր է, քան գրական պատմագրի տեսակետը։ Սա տեսնում է մի հեղինակ իր սահմանափակ շրջանակի մեջ, իսկ նա տեսնում է հեղինակների շարանը ժամանակի հոսանքների մեջ։ Մեկը հեղինակի երկերով նրա կարողությունն է չափում և բնութագրում, մյուսը հեղինակի երկերով չափում է ազգի կարողությանց սահմանը, որին հասած է դարերի ընթացքին։ Երկերը բնորոշում են հեղինակին, հեղինակները՝ ազգին։ Գրականության պատմությունը պետք է ազգերի հոգեկան կյանքի հոլովույթը ցուցադրե դարերի ընթացքին և այդ կյանքի սահմանները գծե։ Ասած են. քաջերի սահմանն իրենց զենքն է։ Իմացական կյանքն իբր զենք կիրարկելով՝ մինչև ու՞ր հասած են որևէ ազգի քաջերը իմացական մարզի մեջ, ու՞ր են նրանց սահմանները և ի՞նչ են աշխարհակալած, այս է, որ պետք է ցուցադրե գրականության պատմագիրը, մի նոր ու վերին տեսակետից նայելով հեղինակների և նրանց երկերի վրա։

Տեսանք, թե գրական պատմագիրը ուսումնասիրեմ է մի վիպասան, մի թատերագիր, մի բանաստեղծ, մի վարքագիր և այլն, իսկ գրականության պատմագիրը նկատի ունի ամենքին։ Մեկը չափում է այս վիպասանի կամ բանաստեղծի շահածն իր մարզի մեջ, մյուսը բովանդակ ազգի գրականության շահածը բոլոր մարզերի մեջ։ Այսպիսով, գրականության պատմագիրը անջատ երկերից մեկնելով՝ հասնում է գրական տեսակներին։ Ոչ թե այս ինչի վեպը և այն ինչի թատերակը, այլ վեպն ու թատերակն ազգի գրականության մեջ։ Մենք այսպիսով գտնում ենք մի նյութ, որ միմիայն գրականության պատմության է հատուկ։ Այդ նյութը գրական տեսակների պատմությունն է կամ որ նույնն է՝ նրանց հոլովույթը։ Գրական միատեսակ վաստակների համեմատական ուսումնասիրությամբ պետք է զատորոշվեն այն երկերը, որ մի որոշ դարաշրջանում նույն այդ գրական տեսակի հորինման և արտահայտության բարձրագույն կետն են ներկայացնում։ Բարձրագույն կետը պետք է ցուցադրվի