Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/96

Այս էջը հաստատված է

18)։ Եվ այսպես նրա անցյսւլն «անափսոսանք» է, որովհետև ներկան վատ չէ անցյալից. իսկ գալիքին նայում է խիզախ. կամ հեղինակի բառերով ասենք. «ինչ որ անցել է՝ սուտ է. ինչ որ կա՝ լավ է. ինչ որ գա՝ թող գա» (էջ 38)։ Քանի որ սեր կա աշխարհում, ուրեմն ամեն ինչ լավ է և մահը սոսկում չի բերում։ Ու հեղինակը սիրո թևերի վրա բարձրանում է վեր և հաշտ հայացքով նայում է կյանքին. «Եվ տեսնում եմ ես տարերքի ստեղծագործությունն ու ավերումը, ծնունդն ու մահը մարդկանց և մահն ու կյանքը հավերժական հյուսվում են իմ հոգում ծիածանի պես և ծիածանը պայծառ է, պայծա՜ռ»։ Եվ նա օրհնում է «կյանքին ու մահը մարդկանց, վիշտն ու ծիծաղը, ցավն ու հաճույքը» (էջ 40-41)։

Մանուկներն ավելի իմաստուն են, քան բոլոր դպիրներն ու փարիսեցիները և ահա առույգ պատանին թոթովում է իր իմաստությունը. «Բախվող բանակների պես բոսոր, բարկալի դու (կյանքը) և մահը չափվում եք արևի տակ և աշխարհը որպես պատերազմի դաշտ, և քրտինքն ու արյունը բեղմնավորում են երկիրը բերրի...» (էջ 50)։

Այս տրամադրությունը նոր է և ցանկալի մեր երեկվա լալկան և այսօրվան վհատ գրականության մեջ։ Չենք ուզում տարակուսանքի մահադեղով թունավորել առողջ տրամադրությունը մատաղ սերնդի. և համոզված ենք, որ առողջ մարմինը զորեղ հակաթույներ ունի իր մեջ ամեն քայքայիչ դեղերի դեմ։ Ժամանակի ալիքները ափ են հանում մի նոր սերունդ՝ գոտեպինդ ու հզոր, և մենք կուզեինք վարակել բոլոր վհատ հոգիներին մեր սպասումի հաճույքով...

Գրքի մասին խոսելու մենք առիթներ կունենանք. շտապենք խոսել գրողի մասին, որ իր երկը նետել է հրապարակ և սպասում է ընթերցողի դատաստանին։ Ի. Իսահակյանը մի ինքնուրույն դեմք է մեր գրականության մեջ, թեև ազատ չէ Ավ. Իսահակյանի և Նիցշեի ազդեցությունից, որ նկատվում է ինչ-ինչ արտահայտությունների մեջ։

Նա ունի ոգևորություն, որ տեղ-տեղ հասնում է ներշնչման, ունի իր հատուկ լեզուն և արտահայտությունները՝ լիովին ոչ նման մինչև օրս մեր տեսածին հայ գրականության մեջ. սիրո վրա իր ունեցած հայացքն ընդհանուր է մեր մյուս երիտասարդ գրողների հետ, բայց իր տրամադրությամբ նա մատնանշում է մի բեկում մեր ժամանակի ընթացքի մեջ։ Նրա մեծագույն պակասությունն իր խրթին լեզուն է և մթին հորինվածքը, որով շատերին անմատչելի կմնա, ինչ որ շատ ցավալի է։

Թե ինչ ձև կստանա այս չտաշված շնորհքը երբ հղկվի՝ դժվարանում ենք ասել. մենք չենք զարմանա, եթե շփվելով կյանքի երկնաքարերին՝