Այս էջը սրբագրված է

Այդ դեպքում, բնականաբար, հարց կարող է առաջանալ, թե որո՞նք են յուրաքանչյուր հանրապետության ազգային ծրագրի հիմքում ընկած այն ելակետային տարբերակիչ սկզբունքները, որ պետք է կողմնորոշվելու եւ ընտրություն կատարելու հնարավորություն տան ժողովրդին։

Իմ կարծիքով՝ օբյեկտիվորեն գոյություն ունի այդպիսի երկու կողմնորոշող սկզբունք.

Առաջին. վերաբերմունքը միութենական նոր պայմանագրի կամ ֆեդերացիայի նկատմամբ.

Երկրորդ. հասարակության այն ուժերի բացահայտումը, որոնք ի վիճակի են իրագործելու ազգային ծրագիրը։

Առաջին հարցի առնչությամբ ելակետային պետք է համարել այն հանգամանքը, որ երկրի քաղաքական կյանքում այժմ դրսեւորվում է Միության իրավասությունների սահմանափակման, եւ ընդհակառակը՝ հանրապետությունների ու ինքնավար կազմավորումների իրավասությունների ընդլայնման ակնհայտ միտում։ Մի կողմից՝ կենտրոնական իշխանությունները, խոսքով ընդգծելով խորհրդային դաշնության կատարելագործման անհրաժեշտությունը, իրականում սակայն նոր ընդունվող օրենքներով ու օրենսդրական ակտերով փորձում են պահպանել երկրի ամբողջատիրական[1] կառավարման համակարգը։ Մյուս կողմից՝ հանրապետություններն ու ինքնավար կազմավորումներն իրենց ընդունած ինքնուրույն որոշումներով ձգտում են հաստատել իրենց ինքնիշխանությունը՝ որպես կանոն հակասության մեջ մտնելով միութենական Սահմանադրության եւ գործող օրենսդրության դրույթների հետ։

Հակասության լուծման ելքը երկրի հասարակական միտքը տեսնում է կա՛մ նոր միութենական պայմանագրի կնքման, կա՛մ այդ պայմանագիրը միջհանրապետական երկկողմանի պայմանագրերով փոխարինելու, կա՛մ էլ միաժամանակ ե՛ւ մեկի, ե՛ւ մյուսի առկայության մեջ։ Նկատի ունենալով աշխարհում իրականացող ինտեգրացիոն գործընթացները եւ իրատեսորեն գնահատելով պատմականորեն ձեւավորված իրողությունները՝ միանգամից չի կարելի բացառել ո՛չ մեկ, ո՛չ մյուս, ո՛չ էլ երրորդ հնարավորությունը։

  1. Տպագրում՝ ամբողջական, ըստ ձեռագրի ուղղում ենք ամբողջատիրական։