Այս էջը սրբագրված է

կադրությունում։ Իրականում ա՛յս բանաձեւն է ցուցադրում հայաստանյան քաղաքական իրականության երկու բեւեռները, արտահայտում երկու տարբեր արժեքային համակարգերի ու պետականության հիմնադրույթների մասին պատկերացումների տրամագծային հակադրությունը, երկրի զարգացման ուղիների՝ այդ հակադրության վրա հենված երկու իրարամերժ քաղաքական ըմբռնումների տարբերությունը։ Այս բեւեռներից մեկն օժտված է զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու անսահմանափակ ու մենաշնորհ իրավունքով, մյուսը՝ փաստորեն զրկված է այդ հնարավորությունից։ Հրապարակվող ժողովածուն կմեղմի հասարակությանը տրվող տեղեկատվական բազայի այս ահռելի տարբերությունը, կնպաստի նրա ճիշտ կողմնորոշվելուն։

Հայաստանյան հասարակությունը ոչնչի այնքան մեծ լարումով ու ակնկալիքով չի սպասում, որքան Հանրապետության Նախագահի «նորից խոսելուն»։ Ընդ որում՝ այդ սպասումը կար եւ արտահայտվում էր արդեն իսկ նրա հրաժարականից 2֊3 ամիս հետո։ Առաջարկվող ժողովածուն, թեեւ ընդգրկում է հեղինակի քաղաքական ժառանգության փոքր մի մասը, սակայն ըստ էության եւ ամբողջությամբ կարող է լրացնել օրերցօր խորացող հասարակական այս պահանջը՝ ուշադիր ընթերցողին տալ նրան հուզող հարցերի պատասխանները։ Ահա թե ինչու, հավատացած ենք, որ սույն ընտրանին Հայաստանի Հանրապետության Հիմնադիր֊նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանի 60֊ամյակի առիթով հոբելյանական հրատարակություն, պետական գործչի նրա վաստակին գնահատանք ու հարգանքի տուրք լինելուց զատ, ունենալու է նաեւ կարեւոր գործնական֊քաղաքական նշանակություն։

* * *

Վաղուց ընդունված է, որ երկրի ղեկավար գործիչները, մասնավորաբար առաջին դեմքերը, իրենց աշխատակազմում ունեն հատուկ ստորաբաժանում կամ անձ («սպիչռայթեր»), որը պատրաստում է նրանց ելույթներն ու հոդվածները։ Հայտնի է, որ Լեւոն Տեր֊Պետրոսյանը երբեւէ չի ունեցել եւ չի օգտվել այսօրինակ ծառայությունից, չի ստորագրել ու չի կարդացել ուրիշի գրածը, ինքն է իր բոլոր ելույթների ու հոդվածների հեղինակը։ այս հանգամանքը, որպես յուրահատկություն, էականորեն բարձրացնում է հրապարակվող փաստաթղթերի արժեքը, ավելացնում դրանց ուսումնասիրման հնարավոր տեսանկյունները։