Այս էջը սրբագրված է


― Ինչպե՞ս կբնութագրեիք հանրապետության ներկա քաղաքական իրավիճակը, որո՞նք են այն բարելավելու ուղիները։

― Ներկայումս Հայաստանում առկա սոցիալ-քաղաքական իրավիճակը համեմատաբար ավելի կայուն է, քան մեկ-երկու ամիս առաջ, քանզի մենք գործով ապացուցեցինք, որ իսկապես ի վիճակի ենք սեփական ուժերով կայունացնել իրադրությունը։ Ներքին վիճակն ապակայունացնող բոլոր գործոններն այսօր արդեն արտաքին գործոններն են՝ Արցախում իրականացվող ահաբեկչության եւ բռնության քաղաքականությունը, Հայաստանի նկատմամբ տնտեսական ճնշում գործադրելու փորձերը։ Դրանք պետք է հաղթահարվեն քաղաքական միջոցներով՝ Կենտրոնի եւ Ադրբեջանի հետ տարվելիք բանակցությունների շնորհիվ։ Արդեն որեւէ հիմք չկա Հայաստանի վիճակը որպես պայթյունավտանգ գնահատելու համար։ Զինված կազմավորումները լուծարքի են ենթարկված, իսկ անհատների ձեռքին դեռեւս առկա զենքն այն վտանգը չի ներկայացնում, ինչ այն դեպքում, երբ զինված մարդիկ կազմակերպված են որոշակի խմբերով։ Զենքի լիարժեք առգրավումն արդեն ժամանակի հարց է։ Աստիճանաբար, երբ ժողովուրդը կհամոզվի, որ պետությունը, նրա իրավապահ եւ օրինապահ մարմիններն ի վիճակի են ապահովելու իր անվտանգությունը, ինքը կամավոր կերպով կհրաժարվի այդ զենքից։ Աշխարհազորի գոյության կարիքն ինքնին կվերանա, եւ նրա առողջ տարրերը կընդգրկվեն պետական կառուցվածքների մեջ։

― Ի՞նչ սկզբունքներից է ելնում ներկա իշխանությունն իր կադրային քաղաքականության մեջ։

― Մեր Շարժումը, եթե նկատել եք, առճակատման քաղաքականությունից անցնում է ազգային համերաշխության քաղաքականության։ Գալով իշխանության գլուխ՝ մենք առաջին իսկ հայտարարություններով նշեցինք, որ իշխանությունը եւ, մասնավորապես, կառավարությունը ձեւավորելիս պետք է առաջնորդվենք ոչ թե քաղաքական նկատառումներով, ոչ թե պետք է նկատի ունենանք այս կամ այն պաշտոնյայի քաղաքական պատկանելությունը, այլ նրա անձնական եւ մասնագիտական հատկանիշները։ Կարծում եմ՝ այսօր կառավարության կազմումը դրա ապացույցներից մեկն է, եւ այսուհետեւ էլ, որքան հնարավոր է, մենք պետք է առաջնորդվենք միայն ու միայն այդ սկզբունքով՝ ազգի ողջ ներուժը, բո