Այս էջը սրբագրված է

լոր քաղաքական հոսանքների, կուսակցությունների կարողությունները ծառայեցնել մեր ժողովրդի շահերին։ Ազգային համերաշխության հիմքը մարդկանց իրական արժանիքները գնահատելն է։ Յուրաքանչյուր անհատ հասարակության մեջ պետք է գրավի իր արժանի տեղը։


― Ինչպե՞ս կբնութագրեք ժողովրդավարական իշխանության առաջին երկու ամիսները։

– Հարցին պատասխանելուց առաջ չեմ կարող չանդրադառնալ ընտրություններին։ Ընտրությունների՝ մայիսի 20-ի նախօրյակին Հայաստանում ստեղծվել էր ճգնաժամային իրավիճակ. երբ Կենտրոնը թույլ էր տվել Հայաստանի պաշտոնական իշխանություններին անել ամեն ինչ, դիմել ցանկացած անօրինականության՝ ապահովելու համար ընտրություններում իրենց հաղթանակը եւ թույլ չտալու, որ իշխանության գլուխ գան ժողովրդավարական ուժերը։ Սա է փաստը, սա է իրականությունը։ Քայլերը բացահայտ էին։

Երբ դա չհաջողվեց, փորձեր արվեցին սադրանքների դիմելով ապակայունացնել վիճակը, օգտվել այն հանգամանքից, որ Հայաստանում կային բազմաթիվ ռազմական կազմավորումներ, որոնց մի մասը դուրս է ՀՀՇ-ի ազդեցության ոլորտից։ Դրանք օգտագործվում էին Շարժման հակառակորդների, պաշտոնական իշխանությունների, կուսակցական ղեկավարության կողմից։ Նրանց պետք էր հնարավորություն ստանալ բանակի միջոցով միջամտելու մեր ներքին գործերին եւ կանխելու կոմունիստական ռեժիմի տապալումը հանրապետությունում։ Դրա ամենացայտուն ապացույցը մայիսի 27-ի դեպքերն էին, որոնք, մեզ համար ոչ մի տարակույս չկա, կազմակերպված էին Կենտրոնի որոշ ուժերի եւ Հայաստանի իշխանությունների որոշ խավերի կողմից։ Սա վերջին փորձն էր՝ արյունահեղության միջոցով պահպանելու կոմկուսի իշխանությունը Հայաստանում։ Ժողովրդի զգոնության, Շարժման ճկունության շնորհիվ հաջողվեց խուսափել նաեւ այս սադրանքից, թույլ չտալ, որպեսզի այն մեծ չափերի հասնի, վերածվի քաղաքացիական պատերազմի։ Իսկ ամենաճգնաժամային պահը Հայաստանում ստեղծվեց նստաշրջանի հրավիրման նախօրյակին, երբ նույնիսկ Գերագույն խորհրդի նիստերի դահլիճում եւ կենտկոմում նիստեր գումարվեցին արդեն ընտրված պատգամավորների, Շարժման ակտիվիստների, կուսակցա