թե քաղաքական շահարկումների նպատակով, այլ ճշմարտությունը փնտրելու, ճշմարտությանը հասնելու մտահոգությամբ։
Ես կուզեի մի քանի պարզաբանումներ կատարել այստեղ քննարկվող հարցերի շուրջ։
Դրանցից առաջինը մեր Շարժման հետագա գործունեության կառուցվածքային խնդիրներն են, երբ սուր կերպով դրվեց Շարժումը կուսակցության վերածելու կամ որպես Շարժում պահպանելու հարցը։ Սա բնական հարց է եւ ծագում է աշխարհի բոլոր այն շարժումների, այն ժողովրդական ճակատների առջեւ, որոնք հասնում են իշխանության։ Սա ունի իր օբյեկտիվ պատճառը. մարդկությունը դեռեւս չի ստեղծել քաղաքական պայքարի, քաղաքական գործունեության այլ ձեւ, եթե ոչ կուսակցությունների պայքարը։ Դա է առայժմ բնականը, որը բնական է, սակայն, կայուն, արդեն ձեւավորված հասարակությունների համար։ Անցման շրջանում, հեղափոխական շրջանում միշտ էլ այս օրինաչափությունը խախտվում է, եւ շատ հաճախ հեղափոխությունը գլխավորում է ոչ թե որեւէ կուսակցություն, այլ մի համաժողովրդական ճակատ, համազգային շարժում, այնպիսին, ինչպիսին Հայոց համազգային շարժումն է։ Բայց միեւնույն է, եթե ոչ այսօր, վաղը, մյուս օրը, մի քանի տարի հետո այս հարցը մեր առջեւ ծագելու է։ Ծագելու է, որովհետեւ Շարժման կողքին պետք է ձեւավորվեն կուսակցություններ, որոնք պետք է վարեն զուտ կուսակցական գործունեություն, եւ այս քաղաքական մրցակցությանը դիմանալու համար Շարժումը ստիպված պետք է լինի կուռ կառուցվածք ստեղծել, այսինքն` աստիճանաբար մոտենալ կուսակցությանը։ Ահա այս մտահոգությունն էր առաջին հերթին այն հարցադրման պատճառը, որ շոշափվեց մեր համագումարում։ Ես կարծում եմ` համագումարը ճիշտ եզրակացության է եկել. առայժմ Շարժումը լիովին իրեն արդարացրել է, եւ ամենեւին կարիք չկա այն կուսակցության վերածելու խնդիրը դարձնել օրակարգի հարց։
Մի այլ պարզաբանում։ Այստեղ շոշափվեց ազգայինի եւ դեմոկրատականի, դեմոկրատիայի եւ սոցիալական խնդիրների հակադրման հարցը։ Կարծում եմ` այս հակադրությունը արհեստական է։ Երբեք չի կարելի ազգայինը հակադրել դեմոկրատականին` վերջինիս տակ հասկանալով կոսմոպոլիտիզմ։ Ամենեւին ո՛չ։ Դրանք լրացնում են մեկը մյուսին, եւ առանց մեկի` մյուսը գոյություն չունի։ Նույնիսկ աշխարհի