կան գործիչ։ Դուք պարտավոր եք իմանալ, որ այս մեղադրանքները դեռեւս պիտի շարունակվեն, բայց մենք իրավունք չունենք վատնելու մեր ուժերը, մեր եռանդը նման չարախոսությունների պատասխանելու համար, դրանք պետք է անտեսել, եւ միայն այս ձեւով է, որ դրանք կմարենք։ Ես ուրախ եմ, որ մեր համագումարը ցուցադրվում է հեռուստատեսությամբ, եւ ես հնարավորություն ունեմ հստակ տալու մեր տեսակետը խնդրո առարկա հարցի վերաբերյալ։ ՀայԴատը, արեւմտահայության իրավունքներն իր պատմական հայրենիքի նկատմամբ պետական քաղաքականության օրակարգի հարց կդառնան միայն այն ժամանակ, երբ հայոց պետությունն ի վիճակի կլինի սեփական ուժերով լուծել այդ խնդիրները։
Սրա հետ առնչվող մի այլ հարց, որը նույնպես դարձել է քաղաքական շահարկումների առարկա։ Մեր կամքից անկախ այդ հարցի վրա ավելի շատ ուշադրություն է հրավիրվել, քան արժանի էր։ Դա Թուրքիայի հետ մեր հարաբերությունների հարցն է։
Մենք այդ հարաբերությունները բացարձակապես չենք առանձնացնում մեր բոլոր հարեւանների հետ ձեւավորվելիք հարաբերություններից։ Բայց, չգիտես ինչու, շատերը, մոռանալով մյուս հարեւաններին, մեզ անընդհատ ստիպում են խոսել միայն ու միայն Թուրքիայի հետ հարաբերությունների մասին։ Սա էլ հասկանալի է, բայց ունի ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվն այն է, որ 70 տարի մի հոգեբանությամբ սնված մեր ժողովրդի համար այսօր դժվար է հոգեբանական շրջադարձ կատարել եւ հնարավոր տեսնել Թուրքիայի հետ երկխոսությունը։ Սուբյեկտիվն էլ այն է, որ այդ հարցը շահարկում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր համոզված են, որ այդ հարաբերությունները մեզ համար ունեն կենսական նշանակություն։ Դրանք ամենեւին ինքնանպատակ չեն, այլ՝ թելադրված այն առողջ գիտակցությամբ, որին վերջապես հասել է մեր ժողովուրդը։ Ես կարծում եմ, որ վերջին տարիներին քաղաքական մտքի մեջ տեղի ունեցած ամենամեծ հեղափոխությունը հրաժարումն է օտարին ապավինելու, երրորդ պետության հովանավորության վրա հույս դնելու սնանկ գաղափարից։ 300 տարի շարունակ հայ ժողովրդի քաղաքական միտքը թունավորվել է այն պատրանքով, որ մեծ տերությունները՝ երբեմն Արեւմտյան Եւրոպան, իսկ որպես օրենք՝ Ռուսաստանը, պետք է լինեն մեր ազգային խնդիր