ների իրագործողը։ Սա այն գաղափարն է եղել, որին տուրք տալու համար մենք հատուցել ենք մեծագույն կորուստներով։ Այսօր է, որ հայ ժողովուրդն արթնանում է քնից, հրաժարվում այս միամիտ հավատից եւ տեսնում, որ նույնիսկ Խորհրդային Միությունը, որ թվում էր, թե 70 տարի որոշ երաշխիքներ է ապահովել մեր ազգի գոյության համար (եւ դա իրականություն է, քանի որ այդ ընթացքում Հայաստանի սահմանների վրա կրակոցներ չեն եղել, հայ ժողովուրդը, չնայած գյուղի քայքայման եւ ստալինյան եղեռնի շրջանում կրած ահռելի կորուստներին, այնուամենայնիվ, հնարավորություն ունեցել է զբաղվելու խաղաղ, ստեղծագործ աշխատանքով), այսօր արդեն գտնվելով փլուզման եզրին, այլեւս չի կարող հանդիսանալ մեր ազգի գոյության երաշխավորը. եւ մե՛նք է, որ պետք է փնտրենք, ստեղծենք մեր ազգի գոյության նոր, ավելի հուսալի երաշխիքներ։ Ահա այս երաշխիքների շղթայի օղակներից մեկն է միայն Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը, որը, ինչպես ասացի, մեր հասարակական հոգեբանության յուրահատկություններից ելնելով, իր վրա ավելի շատ ուշադրություն է բեւեռել, քան մեր մյուս հարեւանների հետ ունեցած հարաբերությունները։
Այստեղ էլ, որպեսզի ոչ մի թյուրիմացություն չլինի, ես ուզում եմ շեշտել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որը առաջին հերթին նշանակում է առեւտրական, տնտեսական հարաբերություններ, ամենեւին չի նշանակում հրաժարում մեր պատմական իրավունքներից, Ցեղասպանության դատապարտման պահանջից։ Սակայն մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ երկու կողմն էլ, նկատի ունենալով հարցի նրբությունը (չմոռանալով, որ այս հարցերը նույնքան նուրբ եւ սուր են նաեւ Թուրքիայի համար), պետք է դրսեւորեն քաղաքական իրատեսություն եւ այդպիսի հարաբերություններ հաստատելիս չփորձեն միմյանց ներկայացնել քաղաքական պայմաններ։ Միայն այդպիսի մոտեցումն է, որ հնարավորություն կտա իրականացնել Հայաստանի համար այդքան անհրաժեշտ հարաբերությունների կարգավորումը իր հարեւանների, ի թիվս որոնց՝ Թուրքիայի հետ։
Այստեղ խոսվեց նաեւ սոցիալական արդարության խնդիրների մասին։ Սա իսկապես մեր առջեւ ծառացած ամենասուր խնդիրներից է։ Մենք պետք է խոստովանենք, որ գալով իշխանության գլուխ` կարճ ժա