ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նյարդայնությունը. ես չտեսա այնտեղ որեւէ հավասարակշռված, սառնասիրտ մարդ։ Բոլորը գտնվում էին ջղային, գրգռված վիճակում, որը չափազանց վտանգավոր է։ Նրանք, պարզ է, վարակված են հասարակության նյարդայնությունից. Խորհրդարանում նորից կրքեր են բորբոքվում, նյարդայնության աստիճանը բարձրանում է, որը փոխանցվում է հասարակությանը, այնուհետեւ՝ կրկին իշխանություններին։ Սա չափազանց վտանգավոր մթնոլորտ կարող է ստեղծել։ Մենք սրանից պետք է խուսափենք։ Մենք պետք է լինենք ավելի սառնասիրտ, ավելի համբերատար։ Շտապողականությունը, անհամբերությունը միայն ու միայն կավելացնեն, կխորացնեն մեր սխալները եւ կարող են վտանգել մեր ողջ գործը։ Ժողովրդի անհամբերությունն էլ բացատրելի է։ Մեզնից թռիչքներ էին սպասում, բայց աշխարհում հրաշքներ չեն լինում, թռիչքներ չեն լինում. դրա համար ժամանակ է պետք։
Բայց չպետք է մոռանալ, որ ամենամեծ թռիչքը մեր ժողովուրդն արդեն կատարել է. ուզում եմ շեշտել Հայոց համազգային շարժման եւ նրա ստեղծած իշխանությունների պատմական (ես չեմ վախենում այս բառն օգտագործելուց) առաքելությունը, որ նրանք իրականացրին վերջին չորս ամիսների ընթացքում։ Միայն այն փաստի շնորհիվ, որ Հայոց համազգային շարժմանը հաջողվեց իշխանության գլուխ անցնել, Հայաստանում կանխվեց քաղաքացիական պատերազմը։ Դուք շատ լավ եք հիշում չորս ամիս առաջ Հայաստանում տիրող իրավիճակը։ Եթե կոմունիստական իշխանությունը շարունակվեր եւս 1-2 ամիս, մենք չէինք կարող խուսափել քաղաքացիական պատերազմից։ Իսկ քաղաքացիական պատերազմը որեւէ ժողովրդի համար ամենամեծ դժբախտությունն է, շատ ավելի մեծ դժբախտություն, քան արտաքին ագրեսիան։
Դա կանգնած էր մեր դռան շեմին։ Մեզ հաջողվեց հսկողության տակ վերցնել իրադրությունը ոչ թե մեր արժանիքների, այլ միայն ու միայն ժողովրդի վստահության շնորհիվ։ Քաղաքացիական պատերազմը միայն իրենով չէր ավարտվի։ Մեր Շարժմանը, մեր իշխանություններին հաջողվեց խուսափել նաեւ օտար զորքերի կողմից Հայաստանն օկուպացնելուց։ Որովհետեւ քաղաքացիական պատերազմին անմիջապես կհաջորդեր Հայաստանի օկուպացիան խորհրդային բանակի կողմից՝ այնպես, ինչպես տեղի ունեցավ Ադրբեջանում։ Ահա այն պատմական առաքելությունը, որ իրականացրել է Հայոց համազգային շարժումը։ Եւ