ասխանում հանրապետությունների ձեռք բերած այսօրվա կարգավիճակին։ Ցանկացած պայմանագիր, ցանկացած քաղաքական ծրագիր սովորաբար հիմնվում է զրոյական վիճակի վրա։ Զրոյական վիճակը պետք է լիներ քաղաքական ուժերի բաշխման այսօրվա իրականությունը։ Եթե նշված նախագիծը հանրապետություններին առաջարկվեր երեքհինգ տարի առաջ, գուցեեւ ողջունելի ու ընդունելի լիներ նրանց համար։ Ո՞րն է, ուրեմն, հակասությունը։ Այն, որ ներկայացված նախագծում հանրապետություններից պահանջվում է հրաժարվել այն ամենից, ինչ նրանք արդեն ձեռք են բերել։ Սա անմտություն է, ուտոպիա։ Ոչ մի հանրապետություն չի հրաժարվի նրանից, որ ձեռք է բերել վերջին երեք տարիների ընթացքում։
Փաստ է, որ մեզ մոտ արդեն յոթ ամիս է, եթե ոչ ավելի, որ չեն գործում միութենական օրենքները։ Այդ օրենքները չեն գործում նաեւ մի շարք այլ հանրապետություններում։ Հայաստանի տարածքից դուրս դադարեցված է հայ զինապարտների զորակոչը խորհրդային բանակ։ Նույնը նաեւ մի շարք այլ հանրապետություններում։ Հայաստանում եւ այլ հանրապետություններում պետական լեզու է հայտարարված մայրենին։ Մեր հանրապետությունում ապաքաղաքականացված են բոլոր պետական հիմնարկներն ու ձեռնարկությունները, իրավապահ մարմինները դառնում են հանրապետական ենթակայության։
Ինչպե՞ս, ուրեմն, Հայաստանը կամ այլ հանրապետություններ հրաժարվեն այս նվաճումներից։ Դա կարող է տեղի ունենալ միայն բռնի ուժի գործադրությամբ եւ ամենեւին ոչ կամավոր հիմունքներով, որ ի բնե հակասում է պայմանագիր հասկացության ոգուն։
Եթե միութենական կենտրոնն անկեղծորեն ձգտում էր իրականանալի դարձնել պայմանագրի այդ նախագիծը, ապա գոնե պետք է ելակետ ընդուներ այսօրվա վիճակը, այսինքն` հանրապետությունների նվաճած ինքնիշխանության իրողությունը։ Ընդուներ այն, ինչ այսօր արդեն ձեռք են բերել հանրապետությունները եւ միայն դրա հիման վրա նրանց առաջարկեր որեւէ պայմանագիր։ Այլապես Կենտրոնի ձգտումը դառնում է ուտոպիա, քանի որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ ինքնիշխանության հասած մյուս հանրապետությունները չեն կնքի այդ պայմանագիրը։