Այս էջը սրբագրված է

արձանների առատության առիթով, շեշտելով, մանավանդ, եւրոպական, համաշխարհային մշակույթի ներկայացուցիչների արձանների լիակատար բացակայության հանգամանքը։ Սա, անշուշտ, հիմնականում արդյունք է քաղաքական հարկադրանքի ու ազգային ստրկամտության, բայց հոգեւոր, մշակութային առումով նույնպես բնական ու հասկանալի է, քանի որ նոր եւ նորագույն դարաշրջաններում հայ մշակույթն ավելի շատ կապված է եղել ռուսական, քան եւրոպական մշակույթի հետ։ Նույնն է եղել նաեւ խորհրդային մյուս ժողովուրդների ճակատագիրը։ Ավելին, բացառությամբ մի քանի ժողովուրդների (հայեր, վրացիներ, բալթեր եւ այլն), մյուսներն արդի քաղաքակրթությանն են շփվել միայն ու միայն ռուսական մշակույթի խողովակով։

Ինչպե՞ս կարող է, ուրեմն, հոգեւոր այս ժառանգությունն անհետ կորչել։ Ես վստահ եմ, որ, անկախ քաղաքական ցնցումներից ու վերիվայրումներից, խորհրդային ժողովուրդներն ապագայում, գուցե ոչ նույն կազմով ու ընդգրկմամբ, կգտնեն համագործակցության մի ներդաշնակ ձեւ։ Բայց հասկանալի է, որ դրան հասնելու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնել։ Այնուամենայնիվ, որքան էլ հեռու, այս հեռանկարը պետք է դառնա մեր այսօրվա քաղաքական ծրագրերի հիմքը։ Այսպիսով, Խորհրդային Միության ապագան մենք պատկերացնում ենք հետեւյալ կերպ.


- Միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող անկախ պետությունների համագործակցություն, որտեղ բացառվում է միութենական կառավարության, ընդհանուր Սահմանադրության եւ միասնական օրենսդրության գոյությունը։

- Համագործակցության գերագույն համակարգիչ իշխանությունն իրականացնում է անդամպետությունների նախագահների խորհուրդը (ներկայիս Ֆեդերացիայի խորհուրդը)։

- Տնտեսական համագործակցությունն իրականացնում է անդամպետությունների վարչապետների խորհուրդը` համապատասխան աշխատանքային ապարատով։

- Համագործակցության ընդհանուր քաղաքականության մշակման օրենսդրական մարմին է հանդիսանում խորհրդարանը` կազմված անդամպետությունների հավասար ներկայացուցչության սկզբունքով (ներկայիս Ազգությունների խորհուրդը)։