ԵԼՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ
Նստաշրջանի աշխատանքն սկսելուց առաջ, ինձ թվում է, անհրաժեշտ է գոնե թռուցիկ հետադարձ հայացք նետել անցած ժամանակաշրջանի վրա, որ բխում է մեր հետագա գործունեության մեջ նախկին սխալները չկրկնելու հրամայականից։
Որեւէ իշխանության գործունեության գնահատման համար, կարծում եմ, գոյություն ունի երեք առարկայական չափանիշ։
Առաջին չափանիշը տվյալ իշխանության որդեգրած քաղաքականության, այսինքն` նրա կողմից ընդունված ծրագրի իրականացման հետեւողականությունն է։ Հանրապետության ներկա իշխանությունների գործունեության հիմնական ծրագիրը Հայաստանի անկախության մասին Հռչակագիրն է։ Բացելով Հռչակագիրը` դժվար չէ համոզվել, որ անցած յոթ ամսվա ընթացքում հանրապետության իշխանությունները հետեւողականորեն կենսագործել են նրա դրույթները։
Այսպես, ամբողջովին, իսկ որոշ դեպքերում` դեռեւս մասամբ, իրականացած կարելի է համարել Հռչակագրի հետեւյալ կետերը.
«Հայկական ԽՍՀն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն… Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը եւ հիմնը»(ինչպես հայտնի է, հանրապետության զինանշանի եւ հիմնի` օրհներգի համար հայտարարված է մրցույթ, որի արդյունքները կամփոփվեն շուտով)։