«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները» (բացառություն է կազմում միայն տնտեսական ոլորտը, որտեղ առայժմ, անհրաժեշտաբար, հիմնականում պահպանվում է միութենական օրենքների գերակայությունը)։
«Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը» (արված է հսկայական գործ` հայ զորակոչիկների ծառայությունը հանրապետության տարածքում կազմակերպելու ուղղությամբ)։
«Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձեւության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սկզբունքները եւ կարգը» (այդ առթիվ ընդունվել են կարեւոր օրենքներ, որոնց հիման վրա արդեն սկսվել եւ լայն թափ է ստացել սեփականաշնորհման գործը, մասնավորապես գյուղատնտեսության բնագավառում)։
«Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում ապահովում է խոսքի, մամուլի, խղճի ազատություն… բազմակուսակցություն, կուսակցությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների եւ զինված ուժերի ապաքաղաքականացում» (նշված իրական ազատություններն ու իրավունքներն արդեն ամրապնդված են նաեւ համապատասխան օրենքներով. օրենսդրական կարգավորման կարիք ունի միայն մամուլի ազատության ապահովումը, որը մտնում է մեր երկրորդ նստաշրջանի խնդիրների մեջ)։
Թվարկելով այս ամենը, ես պարզապես ուզում եմ հիշեցնել, որ, չնայած հրապարակախոսության մեջ դրսեւորվող որոշ ժխտողական տրամադրություններին, համենայն դեպս ակնհայտ են այն հաջողությունները, որոնց մեր իշխանություններն իրենց հետեւողականության շնորհիվ հասել են Հռչակագիրն իրականացնելու ուղղությամբ։ Իսկ հետեւողականությունը, ինչպես նշվեց, ցանկացած իշխանության գործունեության գնահատման կարեւորագույն չափանիշներից մեկն է։
Իշխանությունների գործունեության գնահատման երկրորդ չափանիշն, իմ կարծիքով, առկա հնարավորությունների օգտագործման կարողությունն է։ Պարզ է, որ որեւէ իշխանությունից չի կարելի սպասել ամեն ինչ։ Պետք է ակնկալել եւ պահանջել այն, ինչ հնարավոր է իրականացնել տվյալ պայմաններում։ Այդ չափանիշով մոտենալով, ինչպես