հայտնի է, մեր ժողովուրդն իրավացիորեն դժգոհ է եղել հանրապետության նախկին իշխանություններից։ Համարյա ողջ 70 տարիների ընթացքում այդ իշխանությունները ոչ միայն չեն օգտագործել եղած հնարավորությունները, այլեւ, չնչին բացառությամբ, չափազանց երկչոտ են գործել անգամ թույլատրվածի սահմաններում` ի տարբերություն մի շարք այլ հանրապետությունների ղեկավարների, որոնք կարողացել են միեւնույն պայմաններում, Կենտրոնի միեւնույն ճնշող մամլիչի տակ այս կամ այն կերպ առաջնորդվել սեփական ժողովրդի շահերով։
Չի կարելի, իհարկե, բացարձակ ժխտողական վերաբերմունք ցուցաբերել անցյալի նկատմամբ` անտեսելով խորհրդային իշխանության տարիներին իրականացած նաեւ դրական տեղաշարժերը՝ մշակույթի, տնտեսության, կրթության, շինարարության եւ այլ բնագավառներում։ Դրանով հանդերձ, ակնհայտ է, որ տրված հնարավորությունները լիովին չեն օգտագործվել։ Եղել են, իհարկե, բացառություններ, եղել են հայրենասեր, խիզախ գործիչներ, ինչպես` Ալեքսանդր Մյասնիկյանը, Աղասի Խանջյանը եւ Հակոբ Զարոբյանը, բայց, դժբախտաբար, բոլորն էլ զոհ են գնացել հենց այն բանին, որ համարձակվել, խիզախել են անցնել թույլատրվածի սահմանը։
Համենայն դեպս, այս բացառությունները չեն կարող արդարացնել Հայաստանի նախկին իշխանություններին, քանի որ կային ակնհայտ բաներ, որ կարելի էր առանց խիզախության իրականացնել, բայց, դժբախտաբար, չեն արվել։ Կարելի էր, օրինակ, չկեղեքել սեփական ժողովրդին, բայց դա շարունակ տեղի է ունեցել։ Կարելի էր բարձրորակ շինարարություն իրականացնել, որպեսզի երկրաշարժը այդպիսի աղետալի հետեւանքներ չունենար։ Կարելի էր ավելի խոշոր տնամերձ հողամասեր հատկացնել մեր գյուղացիներին, ինչպես արվել է բոլոր մյուս հանրապետություններում։ Կարելի էր այդքան ռուսական դպրոցներ չբացել եւ հայկական դպրոցը ստորադաս վիճակի մեջ չդնել եւ այլն։
Նկատի ունենալով այս դառը ճշմարտությունները` Հայաստանի ներկա իշխանությունները ըստ կարելվույն փորձում են (ես չեմ կարող հավաստիացնել, թե դա նրանց լիովին հաջողվում է) օգտագործել առկա բոլոր հնարավորությունները։ Սա է մեր մոտեցումը եւ մեր գործունեության հիմնական սկզբունքը։ Որովհետեւ չօգտագործել տրված հնարավորությունները` կնշանակի, լավագույն դեպքում անճարակու