Այս էջը սրբագրված է

ԽՍՀՄ էկոնոմիկայում։ Մենք պետքէ ընդլայնենք մեր բաժինը գոնե մինչեւ 25–30 տոկոս։

― Ինչի՞ հաշվին եք ենթադրում հասնել դրան։

― Ամենից առաջ արմատական ռեֆորմների անցկացման, հողի եւ մանր ու միջին ձեռնարկությունների մասնավորեցման շնորհիվ։ Նմանապես՝ մենք ուզում ենք մասնավորեցնել նաեւ համարյա ողջ սպասարկման ոլորտը։ Ընդունված են համապատասխան օրենքներ, որոնք ակտիվորեն ներդրվում են կյանքում։

― Հողի մասին օրենքը կարեւորագույններից է։ Նրա կիրառումը հանդիպո՞ւմ է որեւէ դիմադրության։

― Դիմադրություն, իհարկե, կա, բայց ոչ թե կոմկուսի կողմից, ինչպես, ասենք, Ռուսաստանում, այլ՝ տեղական «կալվածային իշխանիկների», որոնք իշխանությունն ու տաքուկ տեղը կորցնելու ահից գյուղացուն ներշնչում են, թե վաղը կարող են նորից հողը ետ խլել, թե՝ տեխնիկայով, պարարտանյութերով եւ այլնով չեն ապահովի։

― Ձեր կարծիքով, միութենական հանրաքվեի արդյունքներն ինչպե՞ս կազդեն Միության եւ մասնավորապես՝ Հայաստանի ճակատագրի վրա։

― Ամենասկզբից էլ այդ միջոցառումը ես դիտել եմ իբրեւ Կենտրոնի՝ իր իշխանությունն ամրապնդելուն միտված պրոպագանդիստական մանեւր։ Իրական կյանքում այն բացարձակապես ոչինչ չի փոխի։ Այսօր ոչ մի հանրապետություն չի հրաժարվի իր նվաճումներից, ինչը բոլորովին հաշվի չեն առնում կենտրոնական իշխանությունները։

― Իսկ ի՞նչ կասեք միութենական դաշնագրի մասին։

― Ես ներկա եմ լինում Ֆեդերացիայի խորհրդի բոլոր նիստերին եւ գիտեմ, թե ինչպես է այն նախապատրաստվել։ Չեմ խոսի դրա բոլոր թերությունների մասին։ Ասեմ գլխավորը՝ առաջարկվող դաշնագրի ելակետը այսօրվա օրը չէ։

― Բայց հանրապետությունների հետ էլ Հայաստանը դեռեւս չի կնքել ոչ մի պայմանագիր։ Ինչո՞ւ։

― Դրա պատճառը ներքին հիմնահարցերն են, որոնց լուծումից այսօր չես փախչի. աղետի գոտի, 300 հազար փախստականներ, Ղարաբաղ…