Այս էջը սրբագրված է


ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՄԵՐԻԿՅԱՆ «ՔՐԻՍՉԸՆ ՍԱՅԸՆՍ ՄՈՆԻԹԸՐ» ԹԵՐԹԻՆ

(23 ապրիլի, 1991 թ.)

Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնի է որպես խորհրդային անցուդարձերի սուր դիտորդ-մեկնաբան։ Ստորեւ` նրա տեսակետները խորհրդային ընթացիկ քաղաքականության մասին, որ նա արտահայտել է Երեւանում, ապրիլի 23-ին կատարված մի հարցազրույցի ժամանակ։

― Ի՞նչ հնարավորություն եք տեսնում, որ աջ ուժերը համոզեն Գորբաչովին բռնի ուժ գործադրելու Խորհրդային Միության ամբողջականությունը պահպանելու համար։

― Չեմ հավատում, որ ներկա ժամանակում հնարավոր է Միությունը պահել բռնի ուժով։ Եթե աջ թեւն ու Կենտրոնը համոզված լինեին այդպիսի հնարավորության մեջ, նրանք արդեն գործադրած կլինեին այն։ Հնարավոր է, որ զինվորականների, պետանվտանգության կամ ուրիշների կողմից դավադիր փորձեր արվեն, սակայն այդպիսի փորձերը դատապարտված են ձախողության։ Ես չեմ հավատում, թե Գորբաչովն ինքն այդպիսի կուրս վերցնի, որովհետեւ դա կնշանակի, թե նա իր հիմնական քաղաքականությունից շեղվում է։ Ուրեմն նա պետք է մոռանա դեմոկրատացումն ու վերակառուցումը։ Առանց այդ երկու սկզբունքների երկիրն ընկնելու է տնտեսական այնպիսի մի ճգնաժամի մեջ, որով նա դժվար թե կարողանա պահպանել Միությունը։ Դեռ ավելին. նման իրավիճակում Գորբաչովը կորցնելու է միջազգային աջակցությունը, որը նրա միակ դրամագլուխն է ներկայումս։ Իսկ եթե նա կորցնի միջազգային վստահությունը, փաստորեն ձեռնունայն կմնա։