Այս էջը սրբագրված է

1500-ամյա հոբելյանը, խորհրդանշական՝ նախ եւ առաջ այն առումով, որ հայ իրականության մեջ Խորենացին է ազգային պետականության առաջին եւ միջնադարում չգերազանցված գաղափարախոսը։

Նրան է պատկանում ազգի` որպես հոգեւոր-մշակութային եւ աշխարհաքաղաքական միավորի ըմբռնման, ինչպես նաեւ պատմական իրավունքի ու ժառանգականության` որպես պետության իրավազորության հիմնավորման պատիվը` գաղափարներ, որոնք հետագայում համարյա առանց բացառության դրսեւորվեցին բոլոր ժամանակակից ազգ- ետությունների առաջացման գործընթացում եւ այսօր էլ քաղաքական նկատառումներով դրսեւորվում են նոր կազմավորվող ազգային պետականություններում։

Դրանով թեեւ պատմությունը վերածվում է քաղաքականության ծառայի, եւ խստապահանջ գիտնականների, ինչպես օրինակ` ամերիկացի Ֆրայի, կողմից դա դիտվում է որպես արդի պատմագիտության վարկազրկման երեւույթ, եւ նույն չափանիշը երբեմն տարածվում է նաեւ միջնադարյան պատմագրության, այդ թվում` Խորենացու վրա, այնուամենայնիվ, հասարակական մտքի ըմբռնման տեսակետից անցյալի պատմագիտության քաղաքական միտվածությունը պետք է դիտել որպես հետազոտության արժանի նույնիսկ ավելի հետաքրքրական առարկա, քան իրադարձությունների անաչառ շարադրանքը։

Խորենացին, այսպիսով, որոշակի հասարակական մտածողության եւ քաղաքական միտվածության կրող է, որ ամենեւին չի նսեմացնում նրա գործի արժեքը, այլ ընդհակառակը, անսահմանորեն բարձրացնում այն։ Եւ այստեղ կարեւոր չէ, թե որ նախարարական տոհմի հետ է Խորենացին կապում Հայոց պետականության վերականգնման առաքելությունը, կարեւորն ու հիմնականն այն է, որ նա հայ ժողովրդի կեցությունը չի պատկերացնում առանց ազգային պետականության գոյության։

Խորենացու երկի երկրորդ նկատառելի առանձնահատկությունն այն է, որ Հայոց պատմությունը հազարամյակների կտրվածքով ներկայացվում է համաշխարհային պատմության կոնտեքստում։ Հասանելի աղբյուրների ընձեռած հնարավորությունների շրջանակում Խորենացին իր դարի համար ամենափայլուն կերպով լուծել է այս դժվարագույն խնդիրը` խնդիր, որ միեւնույն հրատապությամբ կանգնած է նաեւ արդի հայ պատմագիտության առջեւ, եւ դժվար է ասել, որ այն վերջնա