կանապես հաղթահարված է։ Այսպիսով, նաեւ այս առումով Խորենացու «Հայոց պատմությունը» շարունակում է պահպանել իր այժմեականությունը։
Մեթոդաբանական տեսակետից Խորենացին հարում է Եւսեբիոս Կեսարացու հաստատած պատմագիտական դպրոցին, որի երկու կարեւորագույն արգասիքները` Կեսարացու «Քրոնիկոնը» եւ «Եկեղեցական պատմությունը», դեռեւս 5-րդ դարում թարգմանվել էին հայերեն։ Պատմագրական այդ ավանդույթը, որ համահունչ է նաեւ արդի պատմագիտության կիրառած սկզբունքներին, ակադեմիկոս Գագիկ Սարգսյանի բնորոշմամբ` կարելի է անվանել աղբյուրների համադրման, ընտրության, մշակման եւ համակարգման մեթոդ։ Խորենացին, հետեւապես, պատմության նկատմամբ հանդես է բերում ոչ թե կողմնակի դիտողի, այլ համակարգավորող գիտնականի քննադատական մոտեցում։
Ժամանակակից պատմաբանն, իհարկե, Խորենացու համեմատունի այն անժխտելի առավելությունը, որ տիրապետում է հին աշխարհի պատմությանը վերաբերող շատ ավելի բազմազան եւ մեծաթիվ աղբյուրների, որոնք դուրս են գտնվել պատմագրի հասանելիության սահմաններից։ Դրա հետ մեկտեղ Խորենացին օգտագործել է աղբյուրներ, որոնց մասին հայտնի է միայն իր երկասիրությունից։ Դա առաջին հերթին վերաբերում է հին հայոց առասպելաբանությանն ու վիպասանությանը, ինչպես նաեւ հույն եւ ասորի հեղինակների մի շարք պատմական աշխատությունների։
Հատկանշականն այն է, որ Խորենացու օգտագործած կորած աղբյուրների հավաստիությունն ապացուցվում է արդի հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվող նյութական մշակույթի հուշարձանների` հունարեն եւ արամերեն արձանագրությունների տվյալներով։ Այս առումով գիտնականների ուշադրությունն ուզում եմ հրավիրել հետեւյալ փաստի վրա։
Արեւելյան Հայաստանի տարածքում հայտնաբերված՝ Արտաշես Առաջինի սահմանաքարերի մի քանի տողանոց արամերեն արձանագրությունների հիման վրա 5-րդ, առավել եւս հետագա դարերում, նույնիսկ արձանագրություններն այդ ժամանակ վերծանելու դեպքում, որ թեական է, հնարավոր չէր ըմբռնել Հայոց թագավորի իրականացրած հողային բարեփոխման էությունը։ Եւ միայն Խորենացու «Պատմությունն»