է, որ տալիս է հարցի սպառիչ պատասխանը։ Սահմանաքարերի հաստատումը բացատրվում է նրանով, որ Հայաստանի վերագրավված հյուսիս-արեւելյան նահանգներում տեղի էր ունենում հարեւան երկրներից գաղթեցված ժողովուրդների բնակեցում, եւ այդ պատճառով հարկ էր առաջացել ճշտել նոր ստեղծվող բնակավայրերի սահմանները։ Եւ այն փաստը, որ, ինչպես նշվեց, տվյալ բացատրությունը հնարավոր չէր քաղել վերոհիշյալ արամերեն արձանագրություններից` նույնիսկ եթե միջնադարի գիտուններն ի վիճակի լինեին դրանք վերծանելու, անառարկելիորեն ապացուցում է, որ Խորենացին այստեղ իսկապես օգտագործել է գրավոր աղբյուր, որը, դժբախտաբար, մեզ չի հասել։
Խորենացու` որպես միջնադարի խոշորագույն մտածողի նշանակալից ըմբռնումը պետք է համարել նաեւ նրա շեշտված ձգտումը` հայ մշակույթն առանց միջնորդվածության կապելու ժամանակի ամենազարգացած ժողովուրդների մշակույթների հետ, մի իրողություն, որը հետագայում դարձավ հայ մշակույթի զարգացման անսասան տրամաբանությունը։ 5-ից մինչեւ 19-րդ դարերը հայ մշակույթը հավատարիմ մնաց այդ սկզբունքին` անմիջականորեն շփվելով բոլոր դարաշրջանների ամենաբարձր քաղաքակրթությունների հետ։ Տրամաբանությունը խախտվեց միայն 20-րդ դարում, երբ Հայաստանը, պարագաների հարկադրմամբ, արդի քաղաքակրթության նվաճումներին սկսեց հաղորդակցվել միջնորդավորված ճանապարհով, որն անկասկած դանդաղեցրեց հայ մշակույթի զարգացման ընթացքը։ Ուստի, ազգային զարթոնքի նոր պայմաններում մեր առաջնահերթ խնդիրներից է` վերադառնալ մեր մշակույթի զարգացման հարազատ տրամաբանությանը։
Կարելի է անդրադառնալ, իհարկե, նաեւ Խորենացու կոթողային երկը բնութագրող ու արժեքավորող բազմաթիվ այլ հատկանիշների, սակայն ելույթիս վերջում ես կբավարարվեմ միայն եւս մեկ խորենացիական դասի մատնանշումով։
Դա ազգի արժանապատվության եւ սեփական կարողությունների սառը գնահատման այն սահմանումն է, որ Պատմահայրը տվել է իր հանրահայտ ասույթում. «Թէպէտ եւ եմք ածու փոքր, եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ, եւ զօրութեամբ տկար, եւ ընդ այլով յոլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ` սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս, եւ արժանի գրոյ յիշատակի»։