Այս էջը սրբագրված է

ցե դրան մեզանում էլ վարժվեն։ Թեեւ շոու եւ գովազդ կազմակերպողները պետք է գիտակցեին, որ իրենց գործելակերպը ընդունելի չէր մանավանդ այն առումով, որ մեր ժողովուրդը հազիվ էր ազատվել պատկերապաշտությունից, կռապաշտությունից, որը յոթանասունամյա վաղեմություն ունի, եւ հանկարծ նրան հրամցվում է մի նորը։

― Կա՞ն ներքին կամ արտաքին քաղաքականությանը վերաբերող այնպիսի առաջնահերթ ձեռնարկումներ, որոնց իրականացումը պահանջում էր, որ Դուք ունենայիք Հայաստանի Հանրապետության եւ ոչ թե Գերագույն խորհրդի նախագահի լիազորություններ։

― Այո՛, եւ Նախագահի պաշտոնի հիմնումը թելադրված էր այդ նկատառումներով։ Մեկ տարվա մեր գործունեությունն ապացուցեց առկա պետական կառուցվածքների սնանկությունը` անկախ անձնական հանգամանքներից։ Արտաքուստ եղած հակասություններին տրվում էր անձնական երանգ, եւ դա չարաշահվում էր ընդդիմախոսների կողմից` մոլորության մեջ գցելով նույնիսկ մեր ժողովրդի ազնվագույն շերտերին։ Դժբախտաբար, կառուցվածքների ներքին հակասությունները միշտ էլ անձնավորվում են այս կամ այն կերպ։ Այսօր մեր աչքի առջեւ նույնը կատարվում է Ռուսաստանում, կատարվեց Լատվիայում` Լանդսբերգիսի եւ Պրունսկենեի միջեւ, Էստոնիայում՝ երբ խորհրդարանական ճգնաժամի հետեւանքով ստիպված էին Սավիսաարի հրաժարականի հարցը դնել եւ այլն, եւ այլն։ Բայց իրականում հակասություններն առարկայական բնույթ ունեն եւ բխում են համակարգի էությունից։ Խորհրդային համակարգի կառույցներն այսօր ի վիճակի չեն բավարարելու մեր պետական ներկա շահերը։ Որովհետեւ վերացել է դրանց կապող շաղախը, որպիսին կոմուն իստական կուսակցությունն էր։ Նա էր ապահովում գործադիր մարմինների գործ ունակությունը։ Եւ, իհարկե, չէր կարելի կառուցվածքները շաղկապող այնպիսի մի օղակ ստեղծել, ինչպիսին կոմկուսն էր, քանի որ, վաղ թե ուշ, դա մեզ կվերադարձներ ամբողջատիրական համակարգին։ Ուրեմն, նոր, ժողովրդավարական հիմքերի վրա հարկավոր էր առողջացնել պետական կառույցները, ինչին հնարավոր էր հասնել դասական փոխհարաբերությունների հաստատմամբ. գործադիր, օրենսդիր եւ դատական մարմինների տարանջատումով։ Որքան էլ որ դեռ հստակեցումների կարիք է զգացվում, նա