― Ի՞նչը նկատի ունեք։
― Այն, որ լիազորություններ կուզենան կամ չեն ցանկանա հրաժարվել իրենց մի շարք լիազորություններից` հօգուտ մեկ այլ մարմնի։ Գերագույն խորհրդի այդ հատկանիշն արդեն ի հայտ է եկել «Նախագահի մասին» օրենքն ընդունելիս, երբ պատգամավորները ձգտում էին սահմանափակել նրա լիազորությունները։ Կարծում եմ, որ դա երեւան կգա նաեւ «Գերագույն խորհրդի մասին» օրենքի մոտակա քննարկումներում, որտեղ նրանք կփորձեն գտնել նոր լիազորություններ։ Այսուհանդերձ, հիմա Սահմանադիր ժողովի պահը չէ, որովհետեւ եթե մենք ընտրենք այդ ժողովը եւ նրանից պահանջենք երեք կամ վեց ամսում մշակել Սահմանադրություն, մեծ արդյունքի չենք հասնի։ Անցման այս շրջանում, երբ օրըստօրե փոխվում է ամեն բան, մի կես տարի էլ չանցած, ինչպիսին էլ որ լինի Սահմանադրությունը, ստիպված պիտի հսկայական փոփոխություններ կատարենք նրա մեջ։ Եւ դրանով մենք կվարկաբեկենք Սահմանադրության թե՛ բովանդակությունը, թե՛ գաղափարը։ Մինչդեռ, հակառակը, հիմա է, որ պետք է ջանանք ժողովրդին հարգանք ներշնչել Սահմանադրության հանդեպ, ի հակակշիռ նրա արգահատանքի այն Սահմանադրության նկատմամբ, որը մեզ 70 տարի ստրկության է դատապարտել։
Կարծում եմ, պետք է այլ ճանապարհով գնանք. արդեն նոր գործողօրենքների, գործող մեխանիզմների հիման վրա ստեղծենք մի Սահմանադրություն, որը կայուն կլինի։ Այլապես մեր իրավաբան, տնտեսագետ գիտնականները մի շաբաթում կարող են հրաշալի, գեղեցիկ Սահմանադրություն գրել, որը չի գործի։
― Ասացիք, որ նոր օրենսդիր մարմնի ընտրությունները, դատելով նախագահական ընտրապայքարի արդյունքներից, ուժերի հարաբերակցությունն էապես չի փոխի։ Սակայն քաղաքական շրջանակներում հաճախ խոսվում է, որ ՀՀՇ-ն այդքան միավոր չէր հավաքի, որքան տրվեց Ձեր անձին։
― Գուցե այդ պահը կա, բայց պետք չէ չափազանցել։ Որովհետեւ եթե իմ անձն են անգամ ընտրել, երբեք չեմ թաքցրել, որ ես ներկայացնում եմ Հայոց համազգային շարժումը եւ իրականացնում եմ նրա ծրագիրն ու նրա գաղափարների հավատարիմ զինվորն եմ։ Չեմ թաքցնում նաեւ