Այս էջը սրբագրված է

վրա եւ հանրապետության վերափոխումը տանելու մեր ցանկացած ուղղությամբ։

Իսկ այդ ուղղությունը միակն է`

ԴԵՊԻ ԱՆԿԱԽ, ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԴԵՊԻ ԲԱԶՄԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ԴԵՊԻ ԱԶԱՏ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ։

Այլընտրանք չկա, այլընտրանքը հավասարազոր է կործանման եւ նորանոր արհավիրքների։ Մենք իրավունք չունենք կորցնելու պատմական այս պատեհությունը եւ մեզ ու մեր սերունդներին դնելու անելանելի կացության առջեւ։ Մանավանդ որ հանրապետության ներքին քաղաքական մթնոլորտը միանգամայն բարենպաստ է պետական, հասարակական եւ տնտեսական կյանքի այդ արմատական վերափոխումն իրագործելու համար։ Ես նկատի ունեմ ժողովրդի դրսեւորած աննախադեպ միասնությունն ու համախմբվածությունը անկախության հանրաքվեի եւ նախագահական ընտրությունների ընթացքում, որ նրա անառարկելի վստահության արտահայտությունն է հանրապետության իշխանությունների որդեգրած քաղաքական ուղեգծի ու թեկուզ սխալաշատ, բայց հետեւողական գործելակերպի նկատմամբ։

Միանգամայն բարենպաստ է նաեւ այն հանգամանքը, որ տնտեսական բարեփոխումների իրականացման ճանապարհին մեր հանրապետությունը մի քայլ առաջ է անցել բոլոր նախկին խորհրդային հանրապետություններից։

Այնպես որ, առկա են բոլոր նախադրյալներն ու անհրաժեշտ դրական եւ բացասական գործոնները մեր բախտն ու ճակատագիրն ինքնուրույնաբար տնօրինելու համար։

Սակայն, նախքան բոլորանվեր ուժերով մեր արմատական ծրագրերի իրականացմանն անցնելը, մեզ մնում է հաղթահարել մի չափազանց լուրջ եւ կենսական փորձություն։ Խորհրդային Միության անկայուն, ես կասեի` անիշխանական վիճակի պատճառով, ինչպես նաեւ միջհանրապետական տնտեսական կապերի անհուսալիության հետեւանքով մեր հանրապետությունն այսօր հայտնվել է չափազանց ծանր էներգետիկական ճգնաժամի մեջ։ Կառավարությունը թեեւ արտակարգ միջոցներ է ձեռք առել խնայողության ռեժիմի, հովհարաձեւ էներգամատակարարման, վարչական միջոցների կիրառման ուղղությամբ, սա