տատել մեզ համար շահագրգռություն ներկայացնող բոլոր երկրների հետ։
2. Ձգտելով հասնել լիակատար քաղաքական անկախության, դառնալ միջազգային իրավունքի սուբյեկտ, Միավորված ազգերի կազմակերպության անդամ, միաժամանակ մեր շահը պահանջում է մասնակցել նախկին Խորհրդային Միությունում իրականացող բոլոր կառուցողական գործընթացներին եւ միջհանրապետական տնտեսական ու քաղաքական մարմինների գործունեությանը` եթե ոչ անգամ այդ գործընթացների հաջողության նկատմամբ տածած համոզումով, ապա գոնե հանրապետության վիճակը անցանկալի ցնցումներից զերծ պահելու մտահոգությամբ։
3. Շարունակել երկկողմ տնտեսական եւ քաղաքական պայմանագրերի ստորագրումը բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների, առաջին հերթին` Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ղազախստանի հետ։
4. Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջնորդվել Ժելեզնովոդսկի հայտարարության ոգով, խաղաղ բանակցությունների միջոցով հասնել փաստաթղթում արձանագրված բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը։
5. Կայուն առեւտրական եւ տնտեսական հարաբերություններ հաստատել մեր անմիջական հարեւանների` Թուրքիայի եւ Իրանի հետ` Հայաստանը հաղորդակցության փակուղուց բանուկ միջազգային խաչմերուկի վերածելու նպատակով։
Ավարտելով հանրապետության առջեւ ծառացած մեր առաջնահերթ խնդիրների թվարկումը, հարկ եմ համարում շեշտել, որ ես միանգամայն հեռու եմ մեր ժողովրդին հրաշքներ խոստանալու անհեթեթ մտքից։ Ես երբեւէ սովորություն չեմ ունեցել դատարկ խոստումներ տալ եւ այսուհետեւ էլ պատասխանատվության խորին զգացումով կտրականապես հրաժարվում եմ խոստումներից, հրաշքների գուշակումից։ Ես մշտապես ձգտել եմ իմ եւ ժողովրդի առջեւ դնել թեկուզ փոքր, բայց միանգամայն իրականանալի խնդիրներ։
Թվարկված դրույթներն, ահա, այդպիսի իրականանալի խնդիրներ են, սակայն իրականանալի միայն տքնաջան աշխատանքի, քաղաքական ուժերի համախմբվածության, ժողովրդի վստահության դեպքում։