― Այո, փաստորեն այնտեղ իրոք պատերազմ է ընթանում, մշտական են դարձել հայկական բնակավայրերի վրա կատարվող զինված հարձակումները՝ նրանց բնակիչներին Հայաստան գաղթեցնելու նպատակով։ Չորրորդ տարին է, ինչ տարածաշրջանն ամբողջովին շրջափակված է։ Չեմ կարող ասել, թե ինչ է լինելու այս ամենի վերջը, քանի որ Ադրբեջանի կողմից փոխզիջման գնալու որեւէ պատրաստակամություն մենք չենք զգում։ Մութալիբովի եւ հանրապետության այլ ղեկավարների հետ ունեցած շփումների մեկեւկես տարվա ընթացքում ես հիմնահարցի կարգավորման բազմազան տարբերակներ եմ առաջարկել, ի պատասխան որոնց երկխոսությունն ընդհատվել է՝ առանց նրանց կողմից սեփական առաջարկություններ ներկայացնելու։ Եթե Ադրբեջանը չլուծարեր Լեռնային Ղարաբաղի ինքնավար կազմավորումը, այլ միանար համաշխարհային ընկերակցությանը իբրեւ անկախ մի պետություն, սակայն որոշակի ագգային-տարածքային բաժանմամբ, ղարաբաղցիներն, ըստ երեւույթին, բավարարված կզգային իրենց։ ́այց քանի որ նրանց կամքը վերստին անտեսվեց, ստիպված եղան հենց իրենք հայտարարել սեփական կարգավիճակի մասին։ Նրանք կամենում են, որ աշխարհը ճանաչի այդ հիմնահարցի գոյությունը, որ այնտեղ մշտապես ներկա լինեն միջազգային դիտորդներ, իսկ հնարավորության դեպքում՝ նաեւ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր։ Այդ դեպքում Ադրբեջանը, գիտակցելով իրավիճակի անելանելիությունը, հավանաբար, կսկսեր փոխզիջումային լուծումներ որոնել։
― Ինչպիսի՞ն է Հայաստանում պետականության ամրապնդման ընթացքը։
― Առաջին հերթին ծառացավ բանակի հարցը. Կենտրոնին պայման առաջադրվեց, որ հանրապետության ոչ մի քաղաքացի չպետք է ծառայի նրա սահմաններից դուրս, եւ մենք կարողացանք պաշտպանել այդ դիրքորոշումը։ Երկրորդ՝ Հայաստանը առաջին եւ դեռեւս միակ հանրապետությունն է նախկին ԽՍՀՄ-ում, որը հողի սեփականաշնորհում է իրականացրել, հանձնելով հողը ժողովրդին՝ մասնավոր սեփականության, ժառանգման ու վաճառքի իրավունքով, ինչն օգնում է մեզ փոքր-ինչ թեթեւացնել կյանքն այս դժվար ժամանակներում։ Պաշարներ նույնպես կան, սակայն կարեւորն այն է, որ հայ ժողովրդի