Այս էջը սրբագրված է

զգալի մի խավ ամբողջովին ապահովել է իրեն պարենով։ Եւ երրորդ՝ կես տարվա ընթացքում մենք մտադիր ենք կատարել սպասարկման, առեւտրի, շինարարության, վերամշակող արդյունաբերության ոլորտների լիակատար սեփականաշնորհում։ Սա արվելու է առանց որեւէ մեկին սպասելու, թեեւ, իհարկե, ուրախ կլինեինք, եթե վերափոխումները կատարվեին ԱՊՀ-ի այլ պետություններում համանման գործընթացներին զուգահեռ։

― Ես լավ եմ հիշում, որ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Ձեր ընտրվելուց հետո շատերը Կենտրոնում «հեղափոխական գործողություններ» էին սպասում։ Սակայն այդպիսիք չեղան։ Ինչո՞ւ։

― Իմ գործողություններում ես ելնում էի հայ ժողովրդի հոգեբանության, այն խորքային բնազդների ըմբռնումից, որոնք պայմանավորված են նրա ողբերգական պատմությամբ։ Մենք այնքան փորձություններ ենք ապրել, որ այժմ հայության համար ամենագլխավորը հուսալիության ձգտումն է։ Մեր ժողովուրդն արկածախնդրություն չի հանդուրժի։

― Հայաստանի մասնակցությունը ԱՊՀ-ին՝ տնտեսությա՞ն վիճակով պարտադրված որոշում է, թե՞ այն ձեռնտու է հանրապետությանը։

― Ես դանդաղ, հիմնարար գործընթացների կողմնակից եմ, իսկ ամեն տեսակի կտրուկ շրջադարձերը վտանգավոր եմ համարում։ Ի սկզբանե մենք ընտրել էինք լիակատար քաղաքական անկախության ուղեգիծ, նպատակ ունենալով միաժամանակ մասնակցել Միությունում, իսկ այժմ արդեն նախկին ԽՍՀՄ-ի տարածքում տեղի ունեցող բոլոր կառուցողական գործընթացներին։ Եւ մենք հետեւողականորեն պաշտպանում էինք այդ գիծը, թեեւ հանրապետության ընդդիմությունը մեկ անգամ չէ, որ փորձել է շեղել մեզ այդ գծից։ Այն մեր ժողովրդին վստահության եւ ապագայի կանխատեսելիության զգացում է հաղորդում։ Ես չեմ կարող, իրավունք չունեմ նրան զրկել այդ զգացումից։ Օբյեկտիվ պատճառներով նույնպես հնարավոր չէ մեկ րոպեում քանդել այն, ինչ դարերով է կազմավորվել։

― Չնայած բոլոր տեսակի ջանքերին, շարունակվում է ԱՊՀ-ի միացյալ զինված ուժերի փլուզումը։ Արդյո՞ք, դրանում Հայաստանի անվտանգության համար սպառնալիք չկա։