― Այնուամենայնիվ, 88- ին եւս կյանքն իր սրբագրումներն էր մտցնում։ Շարժումն այդ իմաստով կարծեք թե ավելի շատ ետնապահ դիրքում էր, քան ինքն էր թելադրում կյանքի ընթացքը։
― Ես համաձայն չեմ։ Սկզբից եւեթ թեեւ Շարժումը թվացյալ տարերային բնույթ էր կրում, բայց նրա հիմնական ազդակը, կրկնում եմ, հայ ժողովրդի պատրաստությունն էր՝ օգտվելու ընձեռված հնարավորությունից։ Սա լուրջ ազդակ էր, գուցե չգիտակցված, գուցե բնազդական, բայց սա կար, եւ պետք է հատուկ շեշտենք։
― Շարժումն սկսվեց ամենքին հայտնի կարգախոսներով, սակայն իրադարձությունների գլխապտույտ ընթացքն այլ խնդիրներ պարտադրեց մեզ։ Շարժման սկզբում կանխատեսվո՞ւմ էր նման շարունակություն։
― Իհարկե՝ ոչ, չէր կանխատեսվում։ Շարժման բնույթի, մեր համոզմունքների փոփոխությունը բնական էր։ Գուցե մենք իսկապես առաջին կամ միակ ժողովուրդն էինք, որ իսկապես հավատացինք գորբաչովյան վերակառուցմանը, հավատացինք, որ դրանով եկել է ժողովրդավարական սկզբունքների հաղթանակի ժամը, արդարության ժամը… Բայց շատ շուտ սառը ցնցուղ ստացանք։ Եւ փետրվարյան մեկշաբաթյա ցույցերի ընթացքում արդեն կարգախոսները փոխվեցին։ Գորբաչովի դիմապատկերները վերացան…
― Ինչպիսի՞ն էր Ձեր վերաբերմունքը ցույցերը դադարեցնելու կոչերին։
― Պատմական տեսակետից դա կարեւոր հարց չէ։ Ես չեմ կարծում, թե դա ինչ-որ չափով փոխեց դեպքերի ընթացքը։ Ասել, թե եթե ցույցերը չդադարեին՝ Սումգայիթը տեղի չէր ունենա՝ սխալ կլինի։ Այն նախապատրաստվել էր եւ պիտի տեղի ունենար, եւ չեմ կարծում, թե դեպքերը կարող էին այլ կերպ զարգանալ։
Մենք գիտակցում էինք, որ վաղ թե ուշ ցույցերը պիտի ավարտվեն։ Եւ դժվար էր պատկերացնել, թե հետո ինչպես պիտի Շարժումը պահպանվեր։ Անհրաժեշտություն էր զգացվում կազմակերպչական ձեւ տալ Շարժմանը։ Այստեղից ծնվեց հիմնարկ- ձեռնարկություններում «Ղարաբաղ» կոմիտեներ ստեղծելու գաղափարը, որի մասին եւ հայտարարվեց փետրվարյան հանրահավաքներից մեկում։ Եթե «Ղարաբաղ» կոմիտեները չստեղծվեին, Շարժումն իսկապես կարող էր մարել։