Այս էջը սրբագրված է


ԵԼՈՒՅԹ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ 4-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

(22 մարտի, 1992թ.)

Դժբախտաբար, առօրյա իրադարձությունների արագ զարգացման, փոփոխության պատճառով մենք զրկված ենք երեւույթների խորքը մշտապես դիտելու հնարավորությունից։ Իսկ երեւույթները չափազանց արմատական են, շրջադարձային, եթե չասենք՝ պատմական։

Իրականում մենք գործ ունենք ոչ թե սոսկ քաղաքական կամ տնտեսական վերափոխումների, այլ մարքսիզմի լեզվով արտահայտված՝ ողջ հասարակարգի փոփոխության երեւույթի հետ։

Փոխվում է հասարակարգը, փոխվում է մեր գոյության կառույցների պատմականորեն ձեւավորված համակարգը, որ բնութագրվում է իրենց վախճանն ապրող երեք պատմական իրողությունների դրսեւորմամբ։

Դրանք են.

ա) երեք հարյուր տարվա պատմություն ունեցող Ռուսական կայսրության փլուզումը, այսինքն՝ կայսրության քաղաքական կառուցվածքի արմատական փոփոխությունը՝ զավթված երկրների անցումը գաղութային վիճակից անկախ պետությունների կարգավիճակի,

բ) կոմունիզմի գաղափարախոսության ճգնաժամը եւ դրա հետ կապված՝ կոմունիստական վարչակարգի կործանումը, ժողովրդավարության եւ իրավական պետության սկզբունքների հաստատումը,