Այս էջը սրբագրված է

կարգերից մեկն էր, որի ոլորտները հստակ սահմանված էին եւ անթափանցելի արտաքին ուժերի համար։ Եւ քանի դեռ ներքին գործընթացները չէին հանգեցրել նրա ինքնաքայքայմանը, քանի դեռ կայսրությունը չէր հաշտվել այն մտքի հետ, որ իր ազդեցության ոլորտները բաց են աշխարհի համար, ոչ ոք չէր համարձակվում թափանցել այդ ոլորտները։ Նույնիսկ Բալթյան հանրապետությունների դեպքում, որոնց բռնազավթման հակաօրինականությունն ու անկախության իրավունքը ակնհայտ էր աշխարհի համար, Արեւմուտքը ցուցաբերեց որոշակի զգուշավորություն եւ նրանց անկախությունը ճանաչեց միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանն ինքը հաշտվեց այդ մտքի հետ։

Այսօր Խորհրդային Միությունը չկա, բայց խորհրդային նախկին հանրապետությունները (նույնիսկ անցյալում ամենածայրահեղ անջատողականները), կարծեք թե բնազդաբար զգալով անվտանգության այդ համակարգի թեկուզ ժամանակավոր գոյատեւման անհրաժեշտությունը, ստիպված են համագործակցել Անկախ Պետությունների Ընկերակցության շրջանակներում։ Հայաստանն առաջին իսկ օրից ողջունեց այդ գաղափարը եւ իր կառուցողական դերը խաղաց Ընկերակցության կայացման գործում։ Եւ այսուհետեւ եւս, չնայած Ընկերակցության համակարգում առկա անորոշություններին ու դրանցից ծագող հասկանալի դժգոհություններին, Հայաստանը, ըստ իս, պետք է շարունակի իր գործուն մասնակցությունն այս կառույցում, քանի որ առայժմ սա է մեր անվտանգության եւ բնականոն կենսագործունեության ապահովման միակ համակարգը։ Քանի դեռ չի ստեղծված անվտանգության այլ համակարգ, մենք պարտավոր ենք պահպանել գոյություն ունեցողը։ Հակառակ դեպքում մեր երկրամասում կառաջանա վակուում, իսկ վակուումն, ինչպես հայտնի է, առանձնահատկություն ունի անմիջապես լցվելու այլ ուժերով։ Եթե Ընկերակցությունը միանգամից դադարի գոյություն ունենալուց, Անդրկովկասն անմիջապես կդառնա, այսպես կոչված, երրորդ ուժերի թափանցման ոլորտ, ինչը մեծապես կխախտի երկրամասում ձեւավորված քաղաքական հարաբերական հավասարակշռությունը։

Չէի ասի, թե դա մեզ համար կնշանակի անխուսափելի կործանում, պարզապես նոր պայմաններին համակերպվելու համար ստիպված կլինենք հաղթահարել բազմաթիվ լրացուցիչ դժվարություններ։ Մենք