Այս էջը սրբագրված է

Գոհունակությամբ պետք է նշել, որ վերջին շրջանում Իրանի հետ հարաբերությունները զարգանում են բնականոն, արագացված ընթացքով եւ, վստահ եմ, շուտով մենք կզգանք այդ հարաբերությունների իրական արդյունքները։

Ինչ խոսք, Թուրքիայի հետ հարաբերությունները շատ ավելի բարդ են ընթանում, թեեւ ինչպես վերը նշվեց, անցած չորս տարիների ընթացքում մեզ հաջողվեց հաղթահարել գոյություն ունեցող հոգեբանական արգելքները։ Հաջողվեց մեր ժողովրդին ներշնչել, որ Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պարտավոր ենք առաջնորդվել միայնումիայն պետական շահերով, իրատես քաղաքականության սկզբունքներով։

Հարցի առթիվ թեեւ մեր տեսակետը հայտնի է, սակայն հարկ եմ համարում եւս մեկ անգամ կրկնել. Հայաստանը եւ Թուրքիան, լինելով հարեւան երկրներ, ունեն ակնհայտ փոխադարձ շահեր, որոնք հիմք են հանդիսանում առեւտրական, տնտեսական, գիտաշակութային լուրջ հարաբերություններ հաստատելու համար։ Լինելով փոխշահավետ, հարաբերություններն այնքան թանկ են կողմերի համար, որ նրանք պետք է խուսափեն միմյանց քաղաքական նախապայմաններ թելադրելուց։

Պետք է նշել, որ այս տեսակետն ընդհանուր առմամբ ընդունվում էր նաեւ Թուրքիայի պաշտոնական շրջանակների կողմից։ Սակայն վերջին շրջանում թուրքական կառավարության որոշ ներկայացուցիչների ելույթներում նկատվում են այս սկզբունքին հակասող հայտարարություններ։ Սակայն սա սպասելի էր , ուստի մեզ ամենեւին չպետք է խրտնեցնի։ Այստեղ կա երկու հանգամանք, որոնք պետք է սառնասրտորեն վերլուծենք՝ բոլորովին չզարմանալով Թուրքիայի դիրքորոշման մեջ տեղի ունեցած փոփոխության առթիվ։

Առաջինն Արցախի խնդիրն է։ Բնականաբար, Թուրքիան չէր կարող անտարբեր մնալ իր արյունակիցների բախտի նկատմամբ։ Չպետք է մոռանալ, որ բացի պաշտոնական քաղաքականությունից, Թուրքիայում եւս գոյություն ունի հասարակական կարծիք, ինչպես նաեւ ընդդիմադիր ուժեր, որոնք քաղաքական վարկ ձեռք բերելու նպատակով շահարկում են Արցախի հարցը։ Այսինքն, Արցախի խնդիրը կարծեք թե աստիճանաբար դառնում է Թուրքիայի ներքին քաղաքական հարց։ Բոլոր կուսակցությունները, քաղաքական գործիչները, մեկը մյուսից առաջ անցնելով, փորձում են ապացուցել իրենց նախանձախնդրությունը ադրբե