Այս էջը սրբագրված է

ջանցի ցեղակիցների մղած պայքարի նկատմամբ։ Սա, ինչ խոսք, վտանգավոր միտում է։ Առայժմ թուրքական կառավարությունը դեռեւս կարողանում է հավասարակշռել այս ճնշումը։ Սա պետք է գնահատել, որովհետեւ կառավարությունը համենայն դեպս առաջնորդվում է երկրի իրական շահերով, եւ, ամենայն հավանականությամբ, չէր ցանկանա, որ Արցախի խնդիրը խանգարեր հայ֊ թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Այդուհանդերձ, թուրքական կառավարությունը ենթարկվում է լուրջ ճնշման եւ այդ պատճառով ստիպված է որոշ զիջումներ կատարել հասարակական կարծիքին, իսկ միջազգային ասպարեզում՝ աջակցել Ադրբեջանի դիվանագիտական-քարոզչական ջանքերին։

Երկրորդ հանգամանքը կապված է Խորհրդային Միության փլուզման եւ Ռուսաստանի վերը նշված դիրքորոշման պատճառով Անդրկովկասում առաջացող վակուումի հետ։ Լինելով հզոր, լուրջ դիվանագիտական ավանդույթներ ունեցող պետություն՝ Թուրքիան անգամ բնազդաբար պետք է զգար, որ ժամանակն է օգտվելու այդ դատարկությունից։ Այդ պատճառով, նահանջելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման խնդրում քաղաքական նախապայմաններ չներկայացնելու սկզբունքից, Թուրքիան վերջերս սկսել է նման պայմաններ առաջադրել։ Դա տեղի ունեցավ ե՛ւ Պրագայում, ԵԱՀԽ-ի շրջանակներում ընթացող խորհրդաժողովներում, ե՛ւ Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալի Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ։ Սա նույնպես բնական է եւ մեզ համար լիովին հասկանալի։ Ես ստիպված էի դեսպանին բացահայտորեն ասել հետեւյալը՝ դուք ուզում եք օգտվել ստեղծված դրությունից. տեսնելով, որ նախկին միութենական հանրապետությունների անվտանգության համակարգը խախուտ է, եւ մտածելով, որ մենք խիստ թուլացած ենք, փորձում եք մեզնից ինչ-ինչ քաղաքական հայտարարություններ պոկել։ Փորձ արվեց նրան բացատրել, որ դա իրատեսական մոտեցում չէ, եւ դրա վերջնական արդյունքը պարզապես կլինի հայ֊թուրքական հարաբերությունների վիժեցումը, որը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Թուրքիային։ Դեսպանին առաջարկվեց մեր դիվանագիտական հարաբերությունները հաստատել միջազգային ընդունված չափանիշերի հիման վրա։ Քանի որ երկու պետություններն էլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների՝ ԵԱՀԽ-ի եւ ՄԱԿ-ի անդամ են, իրենց հարաբերությունները պետք է