Մարտի 21-ին ես քսան րոպեանոց հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ-ի պրեզիդենտ Ջորջ Բուշի հետ, որից առաջ նույն օրը եւ նույնքան տեւողությամբ զրույց էր կայացել նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Միացյալ Նահանգների պետական քարտուղար Ջեյմս Բեյքերի միջեւ։ Զրույցների բովանդակությունն այն էր, որ Միացյալ Նահանգները, նախօրոք խորհրդակցելով Թուրքիայի հետ, հանգել է այն եզրակացության, որ Արցախի հարցի շուրջ Եւրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդի շրջանակներում պետք է սկսվեն եռակողմ բանակցություններ՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ։ Դա հաստատեց նաեւ Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը՝ նույն օրն ինձ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։
Մշակված է նաեւ երեք կետից բաղկացած մի ծրագիր, որը ենթադրում է. Միջազգային դիտորդների վերահսկողությամբ իրականացվող՝ կրակի դադարեցում, հաղորդակցության միջոցների ապաշրջափակում, եռակողմ բանակցություններ։ Ադրբեջան – Ղարաբաղ – Հայաստան հանդիպման ընթացքում, բնականաբար, կքննարկվի բանակցություններին երրորդ կողմերի մասնակցության հարցը. Հայաստանը կանի իր առաջարկությունները, Ադրբեջանը, բնականաբար, կառաջադրի իր թեկնածությունները։
Մենք այլ ուղի չունենք, եթե ոչ՝ միայնումիայն Արցախի հարցի խաղաղ լուծումը։ Մինչեւ հիմա մեզ հաջողվել է հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղայնացնել Ղարաբաղի տարածքում, ամեն կերպ խուսափել Հայաստանի եւ Ադրբեջանի անմիջական բախումից, ինչը քաղաքական տեսակետից մեզ չափազանց նպաստավոր դիրք է ապահովել։ Այսուհետեւ եւս մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի արցախյան հակամարտությունը չվերածվի ընդհարման Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այս առումով եւս Հայոց համազգային շարժումը մեծ անելիքներ ունի, քանի որ, դժբախտաբար, մեր հասարակության մեջ կան ուժեր, որոնք սերմանում են ոչ միայն խուճապի տրամադրություններ, այլեւ պատերազմի մոլագարություն, որը մեր նորածնունդ պետության գլխին կախված ամենամեծ վտանգն է։ Չմոռանալով պատմության դասերը, մենք պետք է ամեն կերպ խուսափենք այդ վտանգից։ Բարեբախտաբար, միջազգային միջամտությունն այնքան է հասունա