Այս էջը սրբագրված է

Նման մոտեցումը տալիս է այն հնարավորությունը, որ մեր ընդունած օրենքները կյանքում կիրառվելով, բացահայտում են օրենսդրության հակասությունները՝ ակնհայտ դարձնելով անհրաժեշտ ճշգրտումները։ Իսկ շատ ավելի հեշտ եւ ճիշտ է փոփոխություններ կատարել օրենքներում, դրանք հարմարեցնել օրվա պահանջներին, քան նույնը անել Սահմանադրության մեջ։ Վստահ եմ, որ որոշակի կայունության հասնելու դեպքում մեր հասարակությունն ի վիճակի կլինի ընդունել նաեւ Սահմանադրությունը։

* * *

Նշենք համակարգերի փոփոխության հետ կապված եւս մեկ ներքին բարդություն, որը նույնպես առարկայական իրողություն է։ Խոսքը վերաբերում է պետական ադմինիստրացիային, այսինքն՝ վարչական ապարատին։ Դժբախտաբար, ժողովուրդը պետության քաղաքականության ու գործունեության մասին պատկերացում է կազմում գլխավորապես միջանկյալ օղակների, վարչական մարմինների միջոցով։ Իշխանությունների վարած քաղաքականությանը շփվելու այլ միջոց չկա։ Եւ պետության՝ թեկուզ ամենափայլուն քաղաքական ծրագիրը կարող է վարկաբեկվել, եթե ժողովուրդը բախվի վարչարարության անկարողությանն ու անտարբերությանը։

Այսօր ե՛ւ մեզ, ե՛ւ ընդհանրապես նախկին սոցիալիստական համակարգի պետությունների համար ամենամեծ պակասը ներկա պահանջներին համապատասխանող ադմինիստրացիայի բացակայությունն է։ Տասնյակ տարիների ընթացքում համակարգն ստեղծել էր կադրերի պատրաստման ու առաջքաշման մի այնպիսի կառուցվածք, որն այսօր բացարձակապես պիտանի չէ։ Խոսքը վերաբերում է ոչ թե անհատներին, այլ համակարգին. կարող անհատներ կան, կգտնվեն եւ կընդգրկվեն նոր պետականության կառուցման գործում։ Սակայն որպես համակարգ՝ նախկին նոմենկլատուրան, ինչպես ասվեց, այսօր անպիտան է։ Իսկ նորը դեռեւս չկա, ՀՀՇ-ն չէր կարող երկու-երեք տարվա ընթացքում ստեղծել մեր պետության բոլոր պահանջները բավարարող կադրեր։ Կարելի է ասել, որ լեհական Սոլիդարնոստի բախտը բերեց, որովհետեւ նրա պայքարը երկար տեւեց, եւ 1980 թվականից սկսած նա տաս տարի հնարավորություն ունեցավ համապատասխան կադրեր