― Մենք քաղաքացիություն կտանք ամեն մի հայի, եթե դրանով չենք խախտի այն երկրի օրենքները, որում նա ապրում է։ Եթե այդ երկրներում երկքաղաքացիությունը թույլատրվում է՝ խնդիր չի լինի։
― Ռուս զինծառայողների հետ միջադեպերը Հայաստանում քաղաքական արձագանքներ ունեցան։ Ո՞ւմ խնդիրն է դա. գեներալների, թե՞ քաղաքական գործիչների։ Կմնա՞, արդյոք, ռուսական բանակը Հայաստանում։
― Նման միջադեպեր այժմ ամենուր են լինում, եւ ես նույնիսկ կարող եմ թվեր նշել. վերջին 8 ամսում Հայաստանում զոհվել է 8 զինվորական, Ադրբեջանում՝ 77։ Սակայն այս վերջինների շուրջ ոչ ոք աղմուկ չի բարձրացնում։ Նշանակում է՝ կան որոշակի քաղաքական ուժեր, այդ թվում՝ Ռուսաստանում, որոնք Ռուսաստանի ղեկավարությանը մեղադրում են Հայաստանին միակողմանի աջակցելու մեջ։ Ցավոք, այս պարագան իրական հետեւանքներ է ունենում, դրանով են թելադրված ռուսական զինվորական ղեկավարության համապատասխան քայլերը։ Բոլորը տեսնում են հայ-ռուսական հարաբերությունների արտաքին կողմը միայն՝ մեր լավ հարաբերությունները Ելցինի հետ, այն, որ մենք Ռուսաստանի հետ պայմանագիր ենք կնքել։ Իրականում, իհարկե, Ադրբեջանն ավելի շատ ռազմական աջակցություն է ստանում, քան մենք, սակայն այդ մասին ոչ ոք չի խոսում…
Մենք այժմ մեր բանակն ենք ստեղծում, սակայն երկկողմանի հիմունքներով պայմանագրեր ենք ստորագրել նաեւ մեր տարածքում ռուսական զորքերի ներկայության մասին։ Այժմ բանակցություններ են վարվում, որոնք կպարզեն նրանց կարգավիճակը։ Հնարավոր է՝ դրանք ռազմական բազաներ լինեն…
― Ներկա Հայաստանի դրոշը, գերբը եւ հիմնը նույնն են, ինչ-որ 1918–20թթ. առաջին հանրապետությունում էր։ Նշանակո՞ւմ է, արդյոք, որ այսօրվա Հայաստանը նրա ժառանգորդն է։ Եւ ինչպե՞ս եք Դուք այդժամ գնահատում այն, ինչ եղել է 1920–1989թթ. միջեւ։
― Կային պատգամավորներ, կուսակցություններ, որոնք պահանջում էին, որ 1990 թվականին ընդունած մեր Անկախության հռչակագրում ներկա հանրապետությունն իրեն հայտարարի առաջին հայկական հանրապետության իրավահաջորդը։ Մենք հրաժարվեցինք դրանից։