Մեզ, ի տարբերություն լուրջ իրավական հիմք ունեցող Մերձբալթիկայի, շատ դժվար կլիներ ապացուցել, թե Հայաստանն օկուպացվել է Ռուսաստանի կողմից, չէ՞ որ կան ե՛ւ դաշնակցական հանրապետության, ե՛ւ Խորհրդային Հայաստանի ստորագրած պայմանագրերը։ Մեր դոկտրինայի հիմքում մենք դրեցինք միջազգային իրավունքի այլ սկզբունք՝ ինքնորոշման իրավունքը, եւ հետեւողականորեն էլ այն առաջ մղեցինք։ Մենք այն ժամանակ Գորբաչովին, հավանաբար, ամենածանր վիճակի մեջ դրինք, քանզի չէինք խախտել իր իսկ՝ սովետական օրենքները։
― Սակայն Հայաստանում տարածված է առաջին հանրապետության (որը գոյատեւեց երեք տարի) հետ անալոգիաներ անելը։
― Ի՞նչ անալոգիա։ Առաջին հանրապետությունը պատերազմում էր երեք հարեւանների հետ, մենք ստիպված ենք դիմակայել միայն մեկին, այն էլ ոչ թե մենք, այլ ղարաբաղցիները։
― Դուք հաճախ եք կրկնում, թե կպաշտպանեք այն բոլոր համաձայնությունները, որոնց կհանգեն Ղարաբաղն ու Ադրբեջանը։ Հաշվի առե՞լ եք արդյոք Ղարաբաղի իշխանությունների մաքսիմալիզմը եւ այն, որ ցանկացած բանակցության սկիզբ նրանք կապում են ԼՂՀ ճանաչման հետ։
― Նախ, Լեռնային Ղարաբաղի մաքսիմալիզմը արձագանք է Ադրբեջանի մաքսիմալիզմի։ Դա կուսակցական մաքսիմալիզմ չէ, ո՛չ, յուրաքանչյուր ոք, ով իշխանության գլուխ կլինի Ղարաբաղում, նույն առավելագույն պահանջները կդնի։ Սակայն, երբ ղարաբաղցիների ամենահամեստ պահանջները բախվեցին Ադրբեջանի (որը փոխզիջման հակում չի ցուցաբերում) կոշտ դիրքորոշմանը, դա նրանց բերեց այն համոզման, որ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ու մարդու իրավունքները վտանգի տակ են։ Այստեղից կատարվեց պարզագույն եզրակացություն՝ դուրս գալ Ադրբեջանի կազմից։ Սակայն նույնիսկ հիմա, վստահ եմ, ուշ չէ. եթե Ադրբեջանը հանդես գա ռեալ առաջարկություններով, ուր կնշի երաշխիքներն ու իրական փոխզիջման մեխանիզմները, թե՛ մենք, թե՛ ղարաբաղցիները, կարծում եմ, ընդառաջ կգնանք։ Հայաստանը տասնյակ անգամներ է հանդես եկել նման նախաձեռնություններով, սակայն ես հիմա նույնիսկ ձեւականորեն նման իրավունք չունեմ։ Ցանկացած նախաձեռնությամբ պետք է հանդես գա Ղարաբաղը, իսկ մենք նրան գործնականում կպաշտպանենք։ Եւ եթե Լեռնային Ղարաբաղի