բերությունների կարգավորման հարցում։ Իհարկե, այստեղ գումարվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը, որի նկատմամբ թուրք ժողովուրդը շատ զգայուն է, սա էլ մենք պետք է հաշվի առնենք։
Հացի առաքման թույլտվությունը մի այն բարի կամքի դրսեւորում չէր, որովհետեւ, ինչպես պարզվեց խորհրդարանի նիստում, այդ որոշումը կապված էր նաեւ համապատասխան ռիսկի հետ։ Ուրեմն, սա ուներ ավելի լուրջ հիմքեր։ Թուրքիային էլ է ձեռնտու կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի հետ։ Ինչպես ասացի, այստեղ ամենամեծ խոչընդոտը ԼՂՀ-ի խնդիրն է։ Թուրքիան ստիպված է, հասարակական կարծիքին տուրք տալով, կորցնել իր չեզոքությունը, միջազգային ատյաններում այս հարցում հանդես գալ Ադրբեջանի հանդեպ բացահայտ աջակցությամբ։ Բայց ես համոզված եմ, որ Թուրքիան էլ շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմամբ։ Սա էլ մեծ շանս է մեզ համար, որովհետեւ, եթե Թուրքիան էլ իրականում դեմ լիներ այս պրոցեսին, չափազանց կդժվարանար հարցի խաղաղ կարգավորումը, այսինքն՝ զինադադարի հաստատումը եւ պատերազմի ավարտը։
Որքան արագ մեզ հաջողվի զինադադար կնքել Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ, այնքան արագ կզարգանան մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այսօր էլ, չնայած այս բոլոր դժվարություններին, համենայն դեպս, ես պետք է այդ հարաբերությունները գոհացուցիչ համարեմ, հատկապես հացի մատակարարման խնդրում։ Ինչպես գիտեք, Հաֆեզ Ասադը Հայաստանին նվիրեց 6000 տոննա ցորեն՝ նկատի ունենալով մեր դժվար կացությունը։ Այդ ցորենը մենք Հայաստան պիտի տեղափոխենք դարձյալ Թուրքիայի ճանապարհով, ամենայն հավանականությամբ՝ ավտոճանապարհներով։ Մենք ուզում ենք, որպեսզի գործարկվի նաեւ Մարգարայի ճանապարհը. սա եւս մի լրացուցիչ ճանապարհ է, որը կօգնի մեր հոգսերի թեթեւացմանը։ Արդեն արտաքին գործերի նախարարությունների մակարդակով վերջնականապես համաձայնեցված է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունը։ Դեպքերի հաջող զարգացման դեպքում մինչեւ տարեվերջ հնարավոր կլինի ստորագրել դիվանագիտական հարաբերությունների հաստատման այդ փաստաթուղթը։ Կիրակի օրը ես 15 րոպեանոց հեռախոսազրույց ունեցա վարչապետ պարոն Դեմիրելի հետ