Այս էջը սրբագրված է

ֆրակցիաները չեն օգտվում իրենց տրված հնարավորություններից։ Եթե նույնիսկ պահանջում են կառավարության հրաժարականը, պահանջում են փողոցներում, միտինգներում, եթե պահանջում են Նախագահի հրաժարականը, նորից՝ միտինգներում եւ փողոցներում։ Բայց կա դրա մեխանիզմը, դրա օրինական ձեւը։ Ինչո՞ւ այն չեն օգտագործում։ Ինչո՞ւ այսքան դժգոհությունների դեպքում, երբ խորհրդարանը հնարավորություն ունի անվստահություն հայտնելու կառավարությանն ամբողջությամբ եւ ցանկացած նախարարի առանձին վերցրած, մինչեւ հիմա ո՛չ խորհրդարանը, ո՛չ էլ որեւէ ֆրակցիա չի օգտագործել այդ լծակը։ Եթե դա օգտագործվեր, բոլորի համար պարզ կլիներ, թե ճի՞շտ են, արդյոք, այն գնահատականները, որ տրվում են կառավարությանը կամ Նախագահին, եւ որքանով են դրանք հիմնավորված։ Կառավարությունն էլ, Նախագահն էլ հնարավորություն կունենային իրենց փաստարկները բերելու։ Այս դեպքում ժողովրդի համար ամեն ինչ պարզ կլիներ, մարդիկ չէին մոլորվի։ Այսօր ի՞նչ է ստացվում։ Ամեն ինչի մասին խոսվում է ամեն տեղ, բայց ոչ այնտեղ, որտեղ դա պետք է, որտեղ այդ խոսքի իրագործման մեխանիզմները մշակված են։ Ընդդիմադիր կուսակցությունների կողմից այս լծակներն օգտագործելու դեպքում մեր պետական կառույցները շատ ավելի հստակ կարող էին գործել, մեր ժողովուրդը չէր ընկնի մոլորությունների մեջ եւ գուցե բարձրանար նաեւ քաղաքական բանավեճերի կուլտուրան, որն այսօր մեզ չափազանց անհրաժեշտ է։

― Ինչպիսի՞ վիճակ է սպասվում մեզ այս ձմեռ։

― Այս ձմեռն ավելի դաժան ու ծանր է լինելու, եթե, իհարկե, մինչեւ ձմեռ չբացվի Վրաստանի երկաթուղին, որի հետ ես դեռ թույլ հույսեր եմ կապում։ Աբխազիայի հակամարտությունն արդեն չափազանց խորացած ու սրված է, եւ դժվար է գուշակել, թե ինչպես այն կավարտվի։ Ի՞նչ կարելի է անել։ Մենք պետք է շարունակենք մեր ակտիվ ջանքերը՝ փնտրելու եւ գտնելու հաղորդակցության այլընտրանքային ուղիներ դեպի արտաքին աշխարհ։ Նույնիսկ Աբխազիայի հակամարտության կարգավորումից հետո բացառված չեն երկաթգծի նման խափանումները։ Այդ պատճառով այլընտրանքային ուղիները մեզ օդի նման անհրաժեշտ են։ Մենք չափազանց մեծ ու շադրություն ենք դարձնում Թուր