միստներին հաջողվի կայունացնել իշխանությունը Ռուսաստանում, այնքան ապահով կլինեն մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։
― Ի՞նչ կարծիքի եք ՀՀ Գերագույն խորհրդի մի խումբ պատգամավորների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին ուղղված դիմումի մասին։
― Վերջերս հաճախ են բանավեճեր ընթանում մեր խորհրդարանի մի խումբ պատգամավորների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին ուղղված դիմումի շուրջ։ Այս դիմումն իսկապես ինչ-որ հուզմունքներ առաջացնում է, բայց ես հիմքեր չեմ տեսնում զգայական վերաբերմունք ունենալու նման փաստաթղթի նկատմամբ։ Պետք է պարզապես սառնասրտորեն ընդունել, որ սա էլ մի քաղաքական տեսակետ է, որն այսօր գոյություն ունի մեր հասարակության մեջ։ Մեր խորհրդարանում տեսակետների մի հսկա գունապատկեր գոյություն ունի, սկսած ամենածայրահեղ ռազմատենչ տեսակետներից մինչեւ ամենածայրահեղ պացիֆիստական տեսակետը։ Այս դիմումն էլ պետք է ընդունել որպես այդ ներկապնակի գույներից մեկը, որն, ըստ երեւույթին, նաեւ անհրաժեշտ է։ Քաղաքական տեսակետից ես բավական առողջ եմ համարում այն դրույթը, որ ավելի հեշտ կլիներ հակամարտությունը լուծել երկու կողմերի բանակցությունների միջոցով։ Բայց սա՝ որպես ընդհանուր դրույթ։ Սակայն այդ դրույթը տեղադրելով ռեալ իրադրության մեջ, տեսնում եմ, որ կոնֆլիկտն այնքան է խորացել, որ այլեւս այդ փուլը, այսինքն՝ երկկողմ բանակցությունների փուլը, արդյունք չի կարող տալ։ Սա իմ տեսակետն է։ Դիտենք նմանատիպ բոլոր կոնֆլիկտները եւ կհամոզվենք, որ առանց միջնորդների ոչ մի հարց չի լուծվում։ Իսրայելա-եգիպտական հարաբերությունները կարգավորվեցին Քեմպ-Դեւիդում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, արաբա-իսրայելյան խաղաղ կոնֆերանսն այսօր տեղի է ունենում ՄԱԿ-ի եւ նորից ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Բոսնիայի եւ Հերցեգովինայի հարցը՝ նույնպես։ Բոլոր նմանատիպ հակամարտություններում անպայման անհրաժեշտ է միջազգային հանրության միջնորդությունը։ Գուցե հակամարտության սկզբնական փուլում հնարավոր լիներ նման երկկողմ հարաբերությունների միջոցով լուծել հարցը։ Բայց հիմա ոչ, չեմ կարծում։ Սա է այդ փաստաթղթի իմ գնահատականը։