տադրության ծավալների կրճատումը (50,8 տոկոս) առաջին հերթին պայմանավորված է շրջափակման գործոնով, որին 50,8 տոկոսից բաժին է ընկնում 26-ը` կամ ընդհանուր անկման մոտ 50 տոկոսը։ Նախկին տնտեսական համակարգի փլուզման եւ վերոհիշյալ գործոնների ազդեցությանը բաժին է ընկնում 14,2 կամ ընդհանուր անկման մոտ 28 տոկոսը։
Գործնական տնտեսական քաղաքականության գերագույն խնդիրը բնականաբար պետք է լիներ այս գործոններին հակազդող մեխանիզմների մշակումը։ Պարզ է, իհարկե, որ դա մեկ ամսվա կամ մեկ տարվա խնդիր չէ։ Սակայն պարզ է նաեւ, որ բոլոր դեպքերում անհրաժեշտ էր որոնել հակազդման արդյունավետ լծակներ։
Այդ առումով հարկադրված ենք արձանագրել, որ ընթացիկ տարում չհաջողվեց իրականացնել շուկայական տնտեսական հարաբերությունների ծավալման ինստիտուցիոնալ լուրջ վերափոխումներ։ Իսկ ահա տարբեր պատճառներով տնտեսական բարեփոխումների սառեցման տարբերակի որդեգրումը պետք է համարել ուղղակի անթույլատրելի ու չափազանց վտանգավոր։
Ընդհանուր համակարգի հարկադրական իներցիայի հետեւանք էր նաեւ այն, որ դեռեւս տնտեսական բարեփոխումների ինքնուրույն բավարար դաշտ չստեղծած` մենք ստիպված էինք անցնել ազատ գների գրեթե նույն քաղաքականությանն, ինչ Ռուսաստանում։ Այս քայլը թեեւ սկզբունքային եւ վճռորոշ խթան է շուկայական տնտեսական հարաբերությունների ծավալման համար, սակայն ժամանակն ու հանգամանքները հնարավորություն չտվին ամբողջությամբ հաշվի առնել ու իրացնել մեր առանձնահատուկ պայմանները։ Բացի այդ, կառավարությունն էական բացթողումներ ունեցավ բյուջետային ու վարկային քաղաքականության, բանկային համակարգի գործունեության կազմակերպման, արտադրության սկզբնական օղակներում կառավարման օրենսդրական նոր համակարգի ներդրման, բնակչության սոցիալական պաշտպանվածության առավել հուսալի համակարգերի արմատավորման, պետական սեկտորի գործունեության հստակ կազմակերպման հարցերում։ Թերեւս չհաջողվեց լավագույնս օգտվել փլուզվող համակարգի մեզ համար առավել շահեկան հնարավորություններից։