Այս էջը սրբագրված է

ուսումնասիրությունների արդյունքները։ Ամեն տիպի իրավախախտում, հանցավոր անփութություն ու անտարբերություն կստանա իր արժանի գնահատականը՝ համապատասխան իրավական հետեւություններով հանդերձ։

Հարկ է նշել նաեւ, որ անցումային շրջանի դժվարությունները, շատ գործընթացների դժվար կառավարելիությունը, մտածողության ու հոգեբանության բազմաշերտայնությունը, իրականության տարըմբռնումը, երեւույթների համակարգված ընկալման դժվարությունները եւ բազմաբնույթ այլ հանգամանքներ առաջ են բերում լուրջ հասարակական իրավիճակներ։ Նման պարագաներում հեշտությամբ գլուխ են բարձրացնում զանազան շահարկումներն ու ասեկոսեները։ Հրապարակ են հանվում պատեհապաշտ ու սիրողական մակարդակի կոչեր ու կարգախոսներ, ժողովրդի բնական իրավունքները դառնում են քաղաքական շահարկումների առարկա։

Իսկ առավել վտանգավորն այն է, որ նման կոչերի ու կարգախոսների տակ փորձում են ակտիվանալ ու գլուխ բարձրացնել հանցագործ տարրերը, որոնք քարոզչի կերպարանք ստանձնած՝ սկսում են նույնիսկ բարոյախոսության դասեր կարդալ։

Թեեւ անխուսափելի, բայց անպատժելիությունն ու ամենաթողությունը անհանդուրժելի են բարդ անցումային իրավիճակներում։ Ամուր եւ առողջ ազգային պետականություն կերտելու համար պետք է սկզբունքային ու անդրդվելի լինել անբարոյականության ու օրինազանցության ամեն մի դրսեւորման նկատմամբ։

Հանրապետության Նախագահը պարտավոր է անել ամեն ինչ՝ այս հարցում եղած բացթողումներն արագ հաղթահարելու եւ պատշաճ կարգ ու կանոն հաստատելու ուղղությամբ։

Համոզված եմ նաեւ, որ այստեղ որեւէ արդյունքի հասնելն ուղղակի անհնար է առանց Գերագույն խորհրդի ամենաակտիվ աջակցության ու անհրաժեշտ օրենսդրական դաշտի ստեղծման։

Հանրապետության տնտեսական ճգնաժամի հաղթահարման եւ կայունության հաստատման վերաբերյալ կցանկանայի ձեզ ներկայացնել հետեւյալ նկատառումները, որոնք ավելի մանրամասն իրենց արտացոլումը կգտնեն 1993թ. Ծրագրում։